ԵՐԲ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել երկու երկրների պաշտոնյաների հետ, սակայն, այդ հանդիպումներից հետո էլ անորոշ է մնում, թե ի վերջո երբ տեղի կունենա ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության այցը տարածաշրջան։
Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևան հայտնել է, որ «մոտ ապագայում այց կլինի Ղարաբաղ՝ գնահատման առաքելություն իրականացնելու համար»։ Անդրեևայի խոսքով, առաքելությունում կընդգրկվեն ՄԱԿ-ի համապատասխան մասնագիտացված գերատեսչությունների և ծրագրերի ներկայացուցիչներ:
Հանդիպմանը  Գաֆարովան ընդգծել է, որ «երեսնամյա հայկական օկուպացիան հանգեցրել է ադրբեջանական քաղաքների, գյուղերի, ինչպես նաև մշակութային ժառանգության և պաշտամունքի վայրերի ոչնչացմանը». - «Ցավոք, չնայած Ադրբեջանի հորդորներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն երբեք չի իրականացրել գնահատման առաքելություններ այդ հողերի վրա այն ամբողջ ընթացքում, երբ դրանք գտնվում էին օկուպացիայի տակ»։
Միմյանց մշակութային ժառանգությունը պղծելու Երևանից ու Բաքվից հնչող փոխադարձ մեղադրանքների ֆոնին հրապարակավ այդպես էլ չի հստակեցվում, թե ինչն է խոչընդոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցը տարածաշրջան։ Պատերազմից հետո ՄԱԿ-ի գիտության և մշակույթի կազմակերպությունը ոչ մի անգամ տարածաշրջան չի այցելել։
Հայտնի է, որ մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության հարցը քննարկվել է Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի ղեկավարների ու Եվրոպական խորհրդի նախագահի փետրվարի 4-ին կայացած տեսակոնֆերանսի ժամանակ, և ըստ «Irevanaz.com»-ի աղբյուրի, Բրյուսելը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՅՈւՆԵՍԿՕ-ի գնահատողական առաքելության տեղակայմանը Հայաստանում և Ադրբեջանում։


Читайте также

Оставить комментарий