ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՈՒՆ ՀԱԿԱԴԱՐՁԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունում նշվում է, որ Ռուսաստանի ՊՆ հայտարարությունը հակասում է երկկողմ հարաբերությունների էությանը և այս տարվա փետրվարի 22-ին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթներին:
Պաշտպանության նախարարության հայտարարությունում նշվում է, որ Բաքուն հավատարիմ է մնում 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությանը, որի 4-րդ կետին համապատասխան դեռ չի իրականացվել Ադրբեջանի տարածքից հայկական բանակի և հայկական անօրինական զինված կազմավորումների մնացորդների լիակատար դուրսբերումը», հետևաբար՝ Հայաստանն է խախտում հայտարարության դրույթները:
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը վերստին հայտարարում է, որ իր երկրի տարածքում չկա Լեռնային Ղարաբաղ անվամբ վարչատարածքային միավոր, և Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը կոչ է անում «ապահովել Ադրբեջանի տարածքից հայկական բանակի և հայկական անօրինական զինված խմբավորումների մնացորդների լիակատար դուրսբերումը», ինչպես նաև չօգտագործել Լեռնային Ղարաբաղ տերմինը: