ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ՈՒ ՌԵՋԵՓ ԹԱՅԻՓ ԷՐԴՈՂԱՆՆ ԸՆԴԳԾԵԼ ԵՆ, ԹԵ ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼԻՈՎԻՆ ԻՐԱԳՈՐԾԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՆՁՆԱԾ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Ալիևն ու Էրդողանը ընդգծել են Զանգեզուրի միջանցքի բացման կարևորությունը, և այն հեռանկարները, որ այն ստեղծում է տարածաշրջանի համար, և այդ կապակցությամբ Կարս-Նախիջևան երկաթուղու կառուցումը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահական նստավայրը։
Ըստ հաղորդագրության, Ալիևն ու Էրդողանն ընդգծել են, թե կարևոր է, որ Հայաստանը լիովին իրագործի ղարաբաղյան վերջին պատերազմից հետո եռակողմ հայտարարությամբ ստանձնած բոլոր պարտավորությունները։ Անդրադարձ է եղել նաև հայ-թուրքական պատվիրակությունների միջև շփումներին, ինչպես նաև ուկրաինական ճգնաժամին։
«Անդրադարձ է եղել թուրք-ադրբեջանական համագործակցությանը էներգետիկ ոլորտում, քննարկվել են հավելյալ գազամատակարարման հնարավորությունները Թուրքիային, ինչպես նաև Թուրքիայի տարածքով՝ Եվրոպային»,- հաղորդել է պաշտոնական Բաքուն, հավելելով՝ Ալիևն ու Էրդողանը քննարկել են նաև Իգդիր-Նախչըվան գազատարի կառուցման հարցը, ինչի համար միջոցներ են նախատեսված Ադրբեջանի բյուջեում։