ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎՐԱՆԵՍԹԻ ՆԻՍՏԵՐԻՆ

Խորհրդարանական վեհաժողովի նիստերին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել Եվրոպական խորհրդարանի շուրջ տասը պատգամավոր, ինչպես նաև Արևելյան գործընկերության երկրների՝ Ուկրաինայի, Վրաստանի ու Ադրբեջանի պատգամավորները։ Թե քանի պատգամավոր է ժամանում Հայաստան, ավելի ուշ հայտնի կլինի։ Ադրբեջանի պարագայում քննարկվում է երեք պատգամավորի՝ Ազեր Քարիմլիի, Թայիր Միրկիշիլիի և Սոլթան Մամադովի այցը Երևան։
Մարիա Կարապետյանը դժվարացավ հստակ ասել` ադրբեջանական պատվիրակությունը Երևան կգա, թե ոչ, շեշտեց՝ պատրաստակամություն են հայտնել. «Քանի որ պլանավորման փուլում է գտնվում գործընթացը, հնարավոր չէ այդպիսի հստակ պնդում կատարել, որ վերջնական հա, մարդիկ պատրաստակամություն են հայտնել գալ Հայաստան, այժմ գործընթացը պլանավորման շուրջ է»:
Irevanaz.com-ի տեղեկություններով՝ Ադրբեջանի պատգամավորների պատվիրակությունը օրերս մեկնելու է Երևան և կմասնակցի Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերին:
Եվրանեսթը Եվրախորհրդարանի և Արևելյան գործընկերության վեց երկրների՝ Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համագործակցության խոհրդարանական հարթակն է։ Վեհաժողովի նիստերը ռոտացիոն սկզբունքով են անցկացվում։ Այս անգամ հերթը Հայաստանին է։ Նիստը Երևանում կանցկացվի փետրվարի 21-22-ին։