ԵԽԽՎ-ի հանձնաժողովում ԼՂ-ին վերաբերող զեկույցի ընդունումը Հայաստանի դիվանագիտության պարտությունն է

irevanaz.comԵվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հանձնաժողովի կողմից Բրիտանացի պատգամավոր Ուոլթերի հեղինակած զեկույցի ընդունումը Հայաստանի ընդդիմադիր պատգամավորները հայկական դիվանագիտության պարտությունն են համարում:
Նշենք, որ վեհաժողովի բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ զեկույցում կոչ է արվում «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, և այդ տարածքներում հաստատել Ադրբեջանի լիակատար ինքնիշխանությունը»:
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի համոզմամբ, եթե հայկական կողմը ճիշտ ռազմավարություն ունենար, ապա հնարավոր կլիներ խուսափել նման ձևակերպումներից: Նախ՝ հայկական պատվիրակությունը ոչ թե պետք է պայքարեր զեկույցի ընդունումը կանխելու ուղղությամբ, առավել ևս, որ ի սկզբանե ակնհայտ էր, որ դա չի հաջողվելու, այլ պետք է փորձ արվեր զեկուցողին փոխարինել ավելի չեզոք անձով, ինչպես նաև փոխել զեկույցի վերնագիրը:
Զուրաբյանի համոզմամբ, չկար նաև կոորդինացված աշխատանք հայաստանյան պատվիրակության և արտգործնախարարության միջև․ - «Սա միանշանակ Հայաստանի դիվանագիտության պարտությունն է: Այս ամենի արմատական պատճառը իշխանությունների կողմից ճիշտ մշակված ռազմավարության բացակայությունն էր»:
Նախկին արտգործնախարար, ՄԱԿ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանի համոզմամբ զեկույցի ընդունումը ոչ-պրոֆեսիոնալ աշխատանքի և բարձիթողի վիճակի արդյունք է:
Իսկ հայտարարությունները, թե Ադրբեջանը նավթադոլարներով կաշառում է եվրոպացի պատգամավորներին, Արզումանյանի ձևակերպմամբ՝ ընդամենը «տկարությունը քողարկելու ձև է»:
ԲՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, մինչդեռ, պնդում է՝ զեկույցի ընդունումը կանխելու համար արվել է ամեն ինչ:
Այսպիսով «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցը մտավ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի օրակարգ: Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ ինքն իրատես է և կարծում է, որ նիստում զեկույցը նույնպես կընդունվի: Հայկական կողմը, սակայն, պետք է ամեն ինչ անի՝ զեկույցում տեղ գտած խիստ հակահայ ձևակերպումները չեզոքացնելու համար:
Զոհրաբյանը նաև նշեց, որ անգամ լիագումար նիստում ընդունվելուց հետո, զեկույցն ունենալու է խորհրդատվական բնույթ:
Ալեքսանդր Արզումանյանը, սակայն, հակադարձում է՝ Հայաստանը գտնվում է այնպիսի բանակցային գործընթացում, որտեղ յուրաքանչյուր ստորակետ իր նշանակությունն ունի․ - «Այսպիսի տարբեր ֆորմատներում ընդունվող բանաձևերը կամաց-կամաց փոխում են տրամաբանությունը, և բանակցությունների գործընթացում ի հայտ են գալիս այնպիսի ձևակերպումներ, որոնցից հետագայում խուսափել դժվար է լինում»:
Լևոն Զուրաբյանը նույնպես կարծում է․ որ սա լուրջ հետընթաց է Հայաստանի համար․ - «Փաստաթուղթը վատ է նրանով, որ նա ձևավորում է մթնոլորտ միջազգային հարաբերություններում: Նույն ԵԽԽՎ-ում ադրբեջանցիները և ադրբեջանամետ պատգամավորները հղումներ են կատարելու զեկույցի վրա»:



Читайте также

Оставить комментарий