ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ԳՐԵԼ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԳՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հայաստանն ու Թուրքիան տնտեսական լուրջ դրդապատճառներ ունեն երկկողմ առևտուր սկսելու հնարավորությունը ձեռքից բաց չթողնելու համար։ Բաց սահմանները թույլ կտան, որ թուրքական ապրանքները՝ օրինակ շինանյութը, մրցի ավելի թանկ ռուսական արտադրանքի հետ: Մյուս կողմից, հայկական արտադրանքն ու գյումթերքը կմտնեն թուրքական շուկա: Փոխադարձ առևտրից կշահեն Թուրքիայի արևելյան շրջանները: Հայաստանն էլ ելք կունենա դեպի սևծովյան նավահանգիստներ՝ ստանալով ավելի կարճ առևտրային երթուղի», - փաստում է Միջազգային ճգնաժամային խումբը:
Բացի այդ, Թուրքիան ձգտում է ուժեղացնել դիրքերը տարածաշրջանում տրանսպորտային ուղիների և առևտրային կապերի ընդլայնման շնորհիվ, ինչից կշահի թուրքական տնտեսությունը, որը խոշորագույնն է այս տարածաշրջանում: Հղում անելով թուրք բարձրաստիճան դիվանագետին՝ հոդվածի հեղինակները գրում են, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ Թուրքիան հույս ունի նվազագույնի հասցնել լարվածության հավանականությունը Կովկասում: Այսպիսով, Անկարան Երևանի հետ լավ հարաբերությունների հաստատումը ոչ թե ինքնանպատակ է համարում, այլ տարածաշրջանի վերափոխման լայնամասշտաբ ծրագրի մի մաս, որտեղ գերիշխող դիրք ունի։
Միջազգային ճգնաժամային խումբը կարևորում է Ադրբեջանի դրական դիրքորոշումը այս գործընթացում, որը կտրականապես փոխվեց պատերազմում հաղթանակից հետո: Հոդվածում մեջբերվում է ադրբեջանցի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է նույնիսկ օգնել հարթելու հայ-ադրբեջանական հետպատերազմյան հակասությունները՝ ցույց տալով փոխշահավետ համագործակցության առավելությունը ռազմական կուրսի համեմատ:
Հարևանների հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը սատարում են Մոսկվայում, Վաշինգտոնում ու եվրոպական մայրաքաղաքներում, քանի որ տրանսպորտային ուղիների ապաշրջափակումն ու տնտեսական կապերի ընդլայնումը կայունություն կբերի տարածաշրջանին:
Անդրադառնալով հայ-թուրքական նոր երկխոսությանը՝ հոդվածի հեղինակները նկատում են. կողմերն ու նրանց արտաքին գործընկերները պետք է գիտակցեն, որ ինչքան երկար ընթանա գործընթացը առանց դրական տեղաշարժի, այնքան մեծ է ձախողման հավանականությունը: Դրական ազդակները գնալով կարող են մարել կամ յուրացվել արտաքին դերակատարների կողմից:
Անցած շաբաթ Մոսկվայում կայացած Ռուբեն Ռուբինյան-Սերդար Քըլըչ հանդիպման օրակարգի մասին էլ Ճգնաժամային խումբը գրում է, թե կողմերն պետք է ճանապարհային քարտեզ մշակեն հետագա երկխոսության համար: Խմբի փորձագետների համոզմամբ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հերթական փորձը դրական արդյունքի հասնելու թերևս ամենաիրական հնարավորությունն է, և հույս կա, որ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն ու կբացվեն տասնամյակներով փակ սահմանները: