ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԿՈՂՄ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ

Հայ-թուրքական սահմանին գտնվող Կարսի Աքյաքա շրջանի բնակիչները այսօր էլ հիշում են հեռավոր 1990-ականները, երբ Գյումրի-Կարս երկաթուղին դեռ գործում էր, իսկ հայերը առևտրի էին գալիս: Սահմանի բացմանն այստեղ կողմ են, կարծում են՝ իրենք էլ դրանից կշահեն։
«Գնացքը առավոտյան էր գալիս, հայ ընտանիքները իջնում էին, Կարսում, Աքյաքայում առևտուր էին անում ու գնում: Նույն կերպ էլ մենք էինք գնում-գալիս: Առևտրական տեսանկյունից շփումները շատ ակտիվ էին: Սակայն 1993 թվականին, երբ Հայաստանը օկուպացրեց ադրբեջանական հողերը, այս տարածաշրջանը ավտոմատ կերպով փակվեց», - ասաց բնակիչներից մեկը:
Տեղական հեռուստաընկերություններից մեկի հիմնադիր Ալիջան Ալիբեյօղլուն էլ է այն կարծիքին, որ տեղի բնակչությունը կողմ է սահմանների բացմանը. «44-օրյա պատերազմից առաջ սահմանի բացմանը դեմ եղողների թիվը շատ մեծ էր, բայց Ղարաբաղյան հարցը լուծվեց և հիմա բոլորն էլ կողմ են արտահայտվում»:
1993 թվականից ի վեր փակ սահմանի բացմանը կողմ են նաև հայկական գյուղերում։ Սահմանամերձ Բայանդուրի բնակիչներն ևս հիշում են տարիները, երբ սահմանը բաց էր, երկաթուղին գործում էր, գնալ-գալ կար, առևտուր էին անում թուրք հարևանների հետ։
«Բացվի, մեզ շատ լավ կլինի: Առաջ բաց էր, ամեն ապրանքը գալիս էր Գյումրի, էժան ամեն ինչը», - նշեց բնակիչներից մեկը:
Երազգավորսցի Գրիգոր Գրիգորյանը համոզված է՝ հարևանի հետ հարևանություն պետք է անել, անկախ նրանից լավն է, թե վատը. «Բացվելը ձեռնտու է մեզ համար, ուշ թե շուտ թուրքերը մեր հարևաններն են, անկախ այն բանից լավ հարևաններ են, թե վատ հարևաններ են, բայց հարևանություն պետք է անենք, էլի»:
Չնայած 1991-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, սակայն երկկողմ դիվանագիտական հարաբերություններ այդպես էլ չեն ձևավորվել: Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներից Թուրքիան փակել էր սահմանը՝ ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության։


Читайте также

Оставить комментарий