Վազգեն Մանուկյանն այլևս խաղից դուրս է. խաղը գնում է Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջև

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հարցազրույցը «Առաջին լրատվական»-ին։
– Պարոն Մակեյան, օրերս հանդիպել են  երկրորդ նախագահն ու «16+» ֆորմատի 5 ուժերի առաջնորդներ։ Ձեր կարծիքով՝ առաջիկայում ի՞նչ սպասել այս ճակատից։
– Իրենք ծրագիր ունեին արագ ու շոկային իրավիճակում հասնել իշխանափոխության։ Դա չստացվեց։ Հիմա նոր իրավիճակում, թե հաջորդ փուլում ինչ գործողություններ են նախատեսում՝ չեմ կարող ասել։ Բայց ես մի անգամ արդեն ասել եմ՝ չի բացառվում, որ դրվի մարդկանց ֆիզիկապես վերացնելու հարցը։ Դա կարող է իրենց վերջին տարբերակը լինել, եթե չհաջողվի մյուս տարբերակներն իրականացնել։ Իսկ այլ տարբերակների իրականացումը կարծես արդեն անցած էտապ է։
– Իսկ ինչո՞ւ են հանդիպում 6 ուժերի առաջնորդները, այդ թվում՝ Քոչարյանը, չկա՞ այլևս «16+» ֆորմատ։
– Ես նախկինում առիթ ունեցել եմ ասելու, որ 16-ը զուտ բուտաֆորիա է, իրականում նախկիններն են, որ օգտագործում են 16 կուսակցությունների ձևաչափը։ Հստակ արձանագրվել է ուժային կենտրոնը՝ Քոչարյան-Սերժ Սարգսյան ու առաջնային օղակը սպասարկող ուժեր։ Մնացածը իրենց մոտ որպես ուժային սպասարկող չեն դիտարկվում։ Իմ կարծիքով՝ հիմնական պրոցեսը գնում է Սերժ Սարգյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջև, թե ով պետք է հանդես գա առաջնային դերում։ Թե ինչ արդյունք կստացվի՝ կյանքը ցույց կտա։
– Այսինքն՝ կարծում եք, որ ընդդիմության թեկնածուն ոչ թե Վազգեն Մանուկյանն է, այլ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյա՞նը։
– Վազգեն Մանուկյանն այլևս խաղից դուրս է։ Նրան փորձում էին անցումային փուլում օգտագործել, որը չստացվեց։ Հիմա մնում են Քոչարյան-Սերժ Սարգսյան։ Քոչարյանը հայտարարել է, որ հանդես է գալու իր դեմքով, իսկ Սերժ Սարգսյանը դեռ շախմատ է խաղում։ Նա դեռ որոշում չի ընդունել՝ հանդես կգա փեսայո՞վ, թե՞ ուրիշ դեմքով։ Կսպասարկի՞ Քոչարյանին, թե՞ ոչ։ Խաղը երկուսի միջև է։
– Հիմա հասարակությունը կարծես նորից երկընտրանքի առաջ է, նորից սև ու սպիտակի բաժանման մեջ. կա՛մ Քոչարյան, կա՛մ Նիկոլ Փաշինյան։ Կարծում եք՝ մինչև արտահերթ ընտրությունները կձևավորվի՞ երրորդ բևեռ։
– Բնական է, որ և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կուզենան, որ մնա այս ձևաչափը, որպեսզի մեկը դառնա հաղթող, մյուսն էլ մնա ընդդիմադիր. դա երկրի կործանումն է։ Մենք հիմա էլ ունենք աղետալի իրավիճակ, իսկ այդ պայմաններում մենք կունենանք նաև պետականության կորուստ։ Բնական է, որ ուզենանք կամ չուզենանք՝ պետք է ստեղծվի երրորդ, նաև չորրորդ բևեռ, որպեսզի մեր հանրությունն այլընտրանքի հնարավորություն ունենա։ Հանրությունը դեռևս շոկի, դեպրեսիայի մեջ է։ Բայց  վստահ եմ, որ ձեր նշած բևեռները՝ երրորդը կամ չորրորդը, հանրությանը կբերեն ճիշտ հանգրվանի։


Читайте также

Оставить комментарий