Սմբատ Կարախանյան. «Կառնավալն ավարտվեց, լրջանալու պահն է. Սերժ Սարգսյանի խոստումները դրված են Փաշինյանի սեղանին»
Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանի հարցազրույցը «Առաջին լրատվական»-ին։
– Պարոն Կարախանյան, ինչպե՞ս եք գնահատում նոր կառավարության աշխատանքն այս երկու ամիսների ընթացքում, ի՞նչ մարտահրավերներ եք տեսնում։ Շատերը նշում են, որ Սերժ Սարգսյանը Ղարաբաղյան հարցում պայմանավորվածություն ուներ, այդ կոնտեքստում կարծում եք՝ նոր կառավարությունը կկարողանա՞ հաղթահարել արտաքին քաղաքական մարտահրավերները։
– Գնահատական տալու համար առայժմ շուտ է, ամենաքիչը 100 օր պետք է անցնի։ Իհարկե, կարող ենք ասել, որ անփորձ կադրեր են, բայց դա ինչ-որ տեղ նոր կառավարության առավելությունն է։ Ամեն դեպքում վերջնական գնահատական տալ պետք չէ, աշխատանքը շարունակվում է։ Զուգահեռ՝ քաղաքական, ռազմաքաղաքական, տնտեսական գործընթացները շեշտակիորեն առաջ են գնում, ի դժբախտություն մեզ՝ ոչ միշտ մեր օգտին, այսօրվա դրությամբ նույնիսկ հայկական շահերի դեմ։
Բոլորը հասկանում են, որ այն պայմանավորվածությունները, որ կան Արցախյան հարցի շուրջ, ջրի երես են դուրս գալիս։ Իրավիճակը եկել հասել էր մի կետի, որ կոչվում է կոմպրոմիս։ Ժամանակին մենք պատերազմական իրավիճակից դուրս չեկանք, ընդհանուր, կայուն խաղաղության ծրագիր չկնքեցինք։ Այս հարցի շուրջ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ է խոսել, արդար գնահատականներ տվել։ Այս ամենը ժամանակին չարեցինք ու, ինչպես ռուսներն են ասում, մնացինք կախյալ իրավիճակում՝ «между небом и землей»։ Հիմա իրենք հարց են դնում հայկական կողմի առաջ՝ դուք ուզո՞ւմ եք ձեր հարևան երկրի հետ ունենալ խաղաղության ծրագիր ու այդ մշտական լարվածությունը վերացնել։ Բոլորը՝ ռուսները, ամերիկացիները, եվրոպացիները, այդ հարցը դնում են, ասում են՝ իրավիճակին պետք է ինչ-որ լուծում տալ. կոնկրետ կոմպրոմիսների շրջանակներում Սերժ Սարգսյանի կառավարությունն ու բանագնացները համաձայնություն տվել են, ասեմ ավելի կոնկրետ՝ հինգ, հետո պլյուս երկու, ադրբեջանցի փախստականների վերադարձ, հումանիտար ծրագրեր։ Հիմա ինչ-որ տեղ Ադրբեջանը, Թուրքիան միջազգային հանրությանը շանտաժ են անում, ասում են՝ կան փակ արձանագրություններ, որտեղ այս համաձայնությունները տրվել են։ Բնական է, Ադրբեջանը, Թուրքիան, իրենց լոբբիստները երկու-երեք ուղղությամբ են աշխատում, մի կողմից՝ հարց են բարձրացնում, որ դուք համաձայնել եք, մյուս կողմից՝ պատերազմի շանտաժի քաղաքականություն իրականացնում. զուգահեռ մի քանի ուղղություններով աշխատում են։
– Այսինքն՝ ստացվում է, որ Սերժ Սարգսյանի պայմանավորվածությունները այժմ դրված են Նիկոլ Փաշինյանի կառավարության ուսերի՞ն։
– Ուսերին դրված չեն, դրված է Նիկոլ Փաշինյանի կառավարության սեղանին։ Բնական է, նա իրավունք ունի այդ պայմանավորվածություններին ասելու՝ ոչ։ Նիկոլ Փաշինյանից սպասում են հետագա գործողությունների ծրագիր կամ պլան։ Այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։ Բոլորը հասկանում են, որ նա Սերժ Սարգսյանն էր, իսկ հիմա՝ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի կառավարությունը մի քանի սխալ կանի, գուցե նոր հեղաշրջում լինի՝ գան Պողոսն ու Պետրոսը, նրանք էլ կասեն՝ ես չեմ ասել, հող չենք տալիս, ժամանակ տվեք՝ գնանք նորից մտածենք։ Այս ամենը աշխարհում հասկանում են. լավ կլինի չմտնենք այդ շրջապտույտի մեջ։
Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետք է մշակի արտաքին քաղաքական դոկտրինը։ Մենք ասում ենք՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ ենք, ամեն ինչ նորմալ է, ու գալիս հանդիպում են Անվտանգության խորհրդի, նախագահների մակարդակով. այս իրավիճակում դա արդեն ժամանակավրեպ է ու մանկամտություն։ Եթե Սերժ Սարգսյանի օրոք միջպետական հարաբերությունները վերածվել էին թյուրիմացության, հիմա, եթե այսպես է շարունակվելու, սա մի բառով կբնութագրվի՝ խայտառակություն։
Եթե նա թյուրիմացություն էր, սա խայտառակություն է։ Իհարկե, հույս ունեմ, որ այս 100 օրը կանցնի, մարդիկ կգան գիտակցության, բայց չի կարելի «Comedy club»-ի թյուրիմացությունը վերածել «Comedy club»-ի խայտառակության։ Ջայլամի քաղաքականությանը պետք է վերջ տրվի։
– Ի՞նչ նկատի ունեք, կարծես երկկողմ հարաբերություններում առայժմ գոնե պաշտոնական մակարդակով դժգոհություն չկա։
– Այդ մանկապարտեզը նկատի ունեմ՝ գնացինք-եկանք, ուռա-ուռա, ծափ-ծիրանի։ Հասկացանք, լրջանալու պահը եկել է։ Եթե չլրջանանք, Հայաստանը շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնելու, ու այս իրավիճակում մենք ժողովրդավարական հեղափոխությամբ չենք կարող պարծենալ. միայն լեգիտիմությամբ հնարավոր չէ, արտաքին քաղաքականության հարցում ամբողջությամբ ձախողում է գնում։ Մարդիկ չեն հասկանում, որ իրենք պետք է կոնցեպցիա ունենան, հետո գան ասեն՝ սա ունենք, սա ենք առաջարկում։ Ոչ ոք չի ասում, որ դա մեկ-երկու օրում լինելու է։ 100 օր թող անցնի, բայց տենդենցները պետք է տեսնել արդեն այսօր, մարդիկ չեն հասկանում, որ կառնավալն ավարտվել է, ռուսական կողմին պետք է հստակ ասել՝ ինչ ես ուզում։
Ադրբեջանական լոբբին զուգահեռ հետևողական աշխատում է, ես չեմ ուզում գովաբանել կամ գովազդել, բայց նույնիսկ ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունները հաղթանակ են տանում։ Մերոնք ասում են՝ մենք շատ լավն ենք, մեզ շատ փող տվեք, բայց լրջանալու պահն է, պոռոտախոսությունը պետք է դադարեցնել։ Արտակարգ պատրաստված երիտասարդներ են, լավ է, որ համաշխարհային համակարգերին ծանոթ են, բայց քայլերն ու աշխատանքները ողորմելի վիճակում են։
– Այսինքն՝ կարծում եք՝ նոր կառավարության աշխատանքը կարող է կադրերի պատճառով տուժե՞լ։
– Այո։ Եթե սա է մեր վիճակը, ուրեմն շատ տխուր է, նույնիսկ բացարձակ պատրաստված կադրերը չեն կարողանում աշխատել։ Հայաստանը պետք է դուրս գա այս խայտառակությունից ու ցույց տա իր դեմքը։ Մարդիկ ասում են՝ գնացեք կողմնորոշվեք, թե ինչ եք ուզում. եթե Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի հետ եք, ՆԱՏՕ-ն կհարցնի՝ մեզնից ի՞նչ եք ուզում, մենք մեր մասով մեր հասանելիքը ձեզ կօգնենք։ Մենք չպետք է նեղանանք Արևմուտքից ու ՆԱՏՕ-ից, այլ պետք է հասկանանք՝ ում հետ ոնց ենք աշխատում։
Դուրս գանք Սերժ Սարգսյանի՝ սաղին խաբենք-ֆռցնենք, տեսնենք՝ ինչ է լինելու, սկզբունքից։ Այս ֆորմուլայից պետք է դուրս գանք ու գտնենք ճիշտ աշխատելաոճ։ Շատ կոնկրետ ու գործնական աշխատանք է պետք, պետք է խուսափենք ընդհարումներից, չհակադրենք եվրոպական, ամերիկյան պահանջները մյուսներին։ Նրանք ասում են՝ տղերք ջան, որտե՞ղ եք, ի՞նչ եք ուզում, արեք կոնկրետ քայլեր, մենք այդ կոնկրետ քայլերի շրջանակներում ներդրումներ կանենք։ Ռուսաստանում նույն բանն են ասում. ասեք հասկանանք՝ հետո ինչ է լինելու։ Ոչ ոքի այս իրավիճակում չի հետաքրքրում, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքար է ընթանում։ 4 գլխավոր կոռուպցիոներին ոչ մի բան կարծես չի սպառնում, կոնկրետ ամենագլխավորին ոչինչ չի լինում՝ պայմանավորվա՞ծ են։ Հիմա այս քայլերով ո՞ւր կհասնենք, մեկը վերջացած թմրամոլ է՝ կգնա կբուժվի կանցնի, մանր-մունր թաղայինների բռնում բաց են թողնում, օրներս անցնում է։ Մեզ չեն ասել՝ տղերք ջան, քանի որ դուք ժողովրդավարական հեղափոխություն արեցիք, Ադրբեջանը ոչ մի պատերազմի չի գնա, եթե գնա, Բաքուն կգրավենք։ Բայց պաթոսը արդեն դրան է հասել։ Սա տեսնում են Կրեմլում ու ամենուր։