Սմբատ Կարախանյան. «Ռուսաստանում կա կարծիք, որ առաջիկա վեց ամսում Հայաստանը 50 հազար մարդ է լքելու»

Հարցազրույց Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ:
-Պարոն Կարախանյան, 7-րդ գումարման Ազգային ժողովն արդեն սկսել է իր աշխատանքը, ի՞նչ տպավորություններ ունեք։ Որքանո՞վ է այս խորհրդարանը և նաև ամբողջ իշխանությունը պատրաստ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին։
–Իհարկե, արտաքին աշխարհը՝ Ռուսաստանը և համոզված եմ նաև մյուս գերտերությունները ուշի-ուշով հետևում են Հայաստանի նոր իշխանությունների ձևավորմանը՝ հատկապես որ Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման համակարգին։ Մոսկվայում շատ կարևոր են համարում Հայաստանի խորհրդարանի կառուցվածքն ու կարևորությունը, աշխատանքը արտաքին հարթակներում։ Իհարկե, անսպասելի որևէ բան չկար՝ մոտ 70 տոկոսը պետք է լիներ Նիկոլ Փաշինյանի դաշինքը։ Պարզապես այստեղ խնդիրներ են առաջանալու, եթե նման ձևով շարունակվի, լավ չի լինի, ժամանակն է՝ ավելի ինստիտուցիոնալ, ծրագրային աշխատանքներ իրականացնել։
Շուտով կոնկրետ հարցերի լուծման պահանջներ են ներկայացվելու՝ և՛ Ռուսաստանի արտաքին գերատեսչության կողմից և Թրամփի շնորհավորանքից էր պարզ, որ կան պահանջներ հարևանների հետ ավելի գործնական, ավելի խաղաղ կարգավորող քաղաքականության իրականացման ուղղությամբ. պարզ է, որ խոսքը ԼՂ հակամարտության մասին է։ Ռուսաստանի քաղաքական շրջանակներում կա երկու տեսակետ։ Խորհրդարանի երիտասարդության ու անփորձության մասին չենք խոսում, կան բազմաթիվ խելոք երիտասարդներ, ու ժամանակի ընթացքում ամեն ինչ կկարգավորվի։ Ի՞նչ է լինելու հետո։ Առաջինը՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմով եկել է իշխանության, կամ բերել են իշխանության շատ հստակ խնդիրներ լուծելու, արտաքին գերտերությունների դրած հարցերը լուծելու և ժամանակի ընթացքում հեռանալու խնդրով։ Երկրորդ տեսակետն այն է, որ արտաքին ուժերը ուզում են տեսնել լուրջ խորքային բարեփոխումներ ու Հայաստանին այդ տարածաշրջանում տեսնեն որպես զարգացող պետություն ու հասարակություն։ Ո՞րն է իրականություն դառնալու, մեր նոր ձևավորված խորհրդարանը, նրանց կողքին կանգնած փորձառու գործիչները պետք է միասին քննարկեն ու հասկանան։ Սպասումները մեծ են…
Բոլորն ուշի-ուշով հետևում են կառավարության գործողություններին, բնական է, պետք է լինեն բարեփոխումներ, բայց դրանք չվերածվեն համատարած կրճատումների։ Ուռճացված պետական ապարատից, այո՛, պետք է ազատվել, բայց ամեն դեպքում այս իրավիճակում Ռուսաստանում կա այսպիսի կարծիք՝ մոտակա վեց ամիսների ընթացքում Հայաստանից սպասում է մոտ 50 հազար արտագաղթող ՀՀ քաղաքացիներ՝ այդ կրճատումների հետևանքով։
-Կարծում եք՝ նոր իշխանությունները կարողանո՞ւմ են բավարարել ժողովրդի սպասումները, թե որոշ կարծիքների համաձայն՝ մի քանի տարում նրանք ևս կհեղինակազրկվեն։
-Առաջին լուրջ ստուգատեսը մի երկու տարուց կլինի։ 2020 թվականի գարնանը, մինչև աշուն, արտաքին գերտերությունները շատ հստակ քննության ժամկետ ունեն, գնահատականներ են տալու կատարված փոփոխությունների հետ կապված։ Եթե բարեփոխումներ եղած չլինեն՝ շատ լուրջ իրավիճակ կլինի։ Իշխանությունը կարող է անընդհատ փոփոխվել, իհարկե ցանկալի չէ, որ մենք մտնենք պերմանենտ հեղափոխությունների դաշտ, բայց իշխանությունները պետք է հանգիստ չնստեն։ Բազմաթիվ նոր մարդիկ, նոր գործիչներ մտնելու են քաղաքական դաշտ, քաղաքական թատերաբեմ ու առաջարկեն իրենց ծրագրերը։ Իշխանությունների համար այս մենաշնորհային իրավիճակը վտանգավոր է դառնալու, այսօրվա դրությամբ արդեն իսկ վտանգավոր է։ Արտաքին ուժերը համարում են, որ այսօրվա ընդդիմությունը խորհրդարանից դուրս է, խորհրդարանում կա ընդդիմություն, որը ֆորմալ առումով այդպիսին է, գուցե հեղափոխական իրավիճակում այլ բան սպասել պետք չէր, բայց իրողությունն այն է, որ լուրջ ընդդիմություն ձևավորվելու է ԱԺ-ից դուրս։ Ուստի, դրսի ուժերն ավելի շատ աշխատելու են խորհրդարանից դուրս ձևավորված ընդդիմության հետ։
-Ո՞ր ուժերի՝ ՀՀԿ, «Սասնա ծռե՞ր», թե՞ բոլորովին նոր ձևավորված։
–ՀՀԿ-ն նույնիսկ ռեսթարթ անի, վերափոխվի՝ հնարավորություն չունի, թողնենք մի կողմ, բաց թողնենք։ «Սասնա ծռերի» հետ կապված տարբեր վերապահումներ կան, նրանք իրենց նեղ գործառույթն են իրականացնում․ խոսքը մնացած ուժերի մասին է՝ ՀԱԿ, Դաշնակցությունը՝ իր ծրագրերի, կադրային քաղաքականության վերանայումից հետո, կան հետաքրքիր այլ ուժեր, օրինակ, «Քաղաքացու որոշում» և այլն, ի հայտ կգան նոր դեմքեր, որոնք կցանկական մտնել ակտիվ քաղաքականության մեջ, այն դեմքերը, որոնք եղել են «Գորշ կարդինալի» դերում՝ խոսքը գնում է Միքայել Մինասյանի մասին, բնական է ՝ իրենք էլ կմտնեն ակտիվ քաղաքականության մեջ, իրենք իրենց դեմքով հանդես կգան։ Կլինեն նաև քաղաքականության մեջ ուժեր ու դեմքեր, որոնք զուտ Ռոբերտ Քոչարյանի հետնորդները կլինեն, ծրագրային աշխատանքներ կտանեն՝ անկախ նրանից, թե ինչպես մենք դրան կվերաբերենք։ Արտախորհրդարանական դաշտում հետաքրքիր զարգացումներ են սպասվում, բնական է, որ արտաքին ուժերը շատ ավելի մեծ հետաքրքրությամբ կաշխատեն հենց այդ արտախորհրդարանական ընդդիմության հետ։
– Քոչարյանի մասին խոսեցիք, նա ի՞նչ հնարավորություններ ունի։ Հասկանալի է, որ ֆինանսական ռեսուրսներով հնարավոր է որոշակի տրամադրություններ ստեղծել՝ Մարտի մեկի փաստերը կեղծող ֆիլմ նկարել, լրատվական միջոցներ գնել, այդ ամենը ընդհանուր տրամադրությունների վրա կարո՞ղ է ազդել։
-Քոչարյանի հետ կապված իրավիճակն այսպիսին է. ասում են՝ Ռուսաստանը՝ նրա ղեկավարը կամ առանձին պաշտոնյաներ շնորհավորում են կամ իրենց դիրքորոշումը հայտնում, բայց հարցն այն է, որ իրողությունը հայկական մամուլում աղավաղվում է․ Ռուսաստանում չեն ցանկանում, որ միայն Քոչարյանը դառնա քավության նոխազ։ Ամեն ինչը վերագրվում է միայն նրան, կարծես վարչապետ չի եղել, այլ ծառայությունների ղեկավարներ չեն եղել։ Իսկ ֆիլմի հետ կապված՝ պետք չէ այդքան մեծ ուշադրություն դարձնել, այնտեղ ֆիլմ չկար, ընդամենը մեկնաբանություններ։ Շատ ավելի լուրջ՝ Տիգրան Պասկևիչյանի ֆիլմն է, որտեղից և կադրեր են վերցրել դրել։ Ռուսաստանում այդ ֆիլմին որևէ կարևորություն չտվեցին, քաղաքական պատվերի կատարում էր, և սա էլ ընդամենը մի տեսակետ։ Եթե ուշադրություն դարձնեք՝ ինչ-որ մարդկանց մեկնաբանություններ, բայց բոլորն իրենց աչքերով ամեն ինչ տեսել են ու լավ հասկանում են, թե ինչ է եղել։ Տեր-Պետրոսյանը 60-70 տոկոս ձայն հավաքեց, դրանից հետո ուժային տարբեր մեթոդներով իշխանություն պահեցին․ ցանկացած խելոք տեսակետ ունեցող մարդուն դա պարզ է։ Միայն Քոչարյանին բռնել գնդակահարելը, նրա ընտանիքի հանդեպ գործ հարուցելը այդքան էլ ընդունելի չէ։ Հարցը միայն սա է, ոչ թե նրա համար, որ որևէ մեկը ճիշտ կամ սխալ է։ Այստեղ արդեն հարցեր են առաջանում՝ վրեժ լուծելու ու մնացածի հետ կապված։
-Բայց դա այդքան էլ այդպես չէ, այդ գործով անցնում է Խաչատուրովը, Արմեն Գևորգյանը, Վահագն Հարությունյանը, այլ նախկին պաշտոնյաներ ևս։
-Հասկանում եմ, այդ անունները կան, բայց ոչ մի կոնկրետ գործողություն։ Արմեն Գևորգյանն էլ ինչ-որ բան չի ներկայացնում, սկզբունքային դերակատարություն չի ունեցել։ Ռուսաստանում սպասում են, որպեսզի դատական պրոցեսները սկսվեն ու կոնկրետ մեղադրանքներ ապացուցվեն։ Այսօրվա դրությամբ անընդհատ բռնում պահում ենք, ուզում ենք շանտաժի միջոցով ցուցմունքներ պոկել, այդ մեթոդները նորություն չեն, տարիներով այդ մեթոդները բոլոր երկրներում աշխատել են։ Հարցն այն է, որ բոլորը սպասում են բուն դատական պրոցեսներ սկսեն ու բուն մեղադրանքներով ապացույցներ բերվեն։ Քանի որ դատական պրոցեսը ձգձգվում է, տեղի չի ունենում, անընդհատ ինչ-որ մանր-մունր ինտրիգներով է դաշտը լցվում։ Հասկանում ենք, պարզ է՝ իր այնտեղ նստելը ինչ տրամադրություններ է ստեղծում, բայց այս իրավիճակում նրա նստելը այնքան էլ հիմնավոր չէր։ Երբ հիմա դատը սկսվի՝ թող բոլոր հանցագործություն արածները պատասխան տան, բայց կրկնում եմ՝ դատական որոշումների, դատավճռի արդյունքում։ Տպավորություն չստեղծենք հանկարծ, որ լուրջ բաներ չենք կարողանում ներկայացնել, դրա համար ենք բռնում ու կիսաշանտաժի մեթոդներով ինչ-որ ցուցմունքներ հավաքում։ Այս տեսակետը հստակ կա Ռուսաստանում, այս հարցում, ինչքան կարելի է, շուտ պետք է ավարտել ու հասնել դատական պրոցեսների։ Թող չստացվի, որ մենակ Քոչարյանն է դառնում քավության նոխազ, նրա ընտանիքին էլ ինչ-որ «ճնշումների» ենթարկում… Իսկ ֆիլմին մեծ ուշադրություն դարձնել պետք չէ, ես խորհուրդ կտամ բոլորին դիտել Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը», և լավ կլիներ, եթե այն ցուցադրվեր Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ։



Читайте также

Оставить комментарий