ԱՀ ԱԳՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԼԵՅԼԱ ԱԲԴՈՒԼԼԱԵՎԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
«Հայաստանի ԱԳ նախարարության հայտարարությունն այն մասին, որ իբր Ադրբեջանն օկուպացրել է իր նախկին Շահումյանի շրջանը, պարզորոշ ցույց է տալիս, որ ագրեսոր Հայաստանի տարածքային հավակնություններն օկուպացման տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի մարզով և նրան հարակից 7 շրջաններով չեն սահմանափակվում»:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան՝ մեկնաբանելով Հայաստանի ԱԳ նախարարության հայտարարությունը:
Նա նշել է, որ նախկին Շահումյանի շրջանը որպես վարչական միավորում ստեղծվել էր 1930 թվականին: Այդ շրջանը երբեք չի եղել նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բաղկացուցիչ մասը: 1991 թվականին Ադրբեջանի Հանրապետության Գերագույն Խորհրդի որոշմամբ Շահումյանի շրջանը կազմալուծվեց և միացվեց Կասում-Իսմայիլլիի շրջանին: «Ուղղակի ծիծաղելի է, որ Հայաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանին մեղադրում է միջազգայնորեն ճանաչված սեփական տարածքներն օկուպացնելու մեջ»: