Հիքմեթ Հաջիև. «Հայաստանի իշխանությունները պետք է ապամոնտաժեն ֆաշիստների հուշարձանները»
Իրեն ժողովրդավար համարող Հայաստանի իշխանությունը առաջին հերթին պետք է ապամոնտաժի ֆաշիստների հուշարձանները:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով Հայաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը:
«Սա առաջին անգամ չէ, երբ 2-րդ Համաշխարհային պատերազմի վետերանները բարձրացնում են ֆաշիստ դահիճ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման հարցը: Մի քանի տարի առաջ ադրբեջանցի վետերանները ԱՊՀ վետերաններին նամակ էին ուղարկել՝ Երևանում ֆաշիստ Նժդեհի արձանի տեղադրման առնչությամբ:
Հայաստանի ներկայիս իշխանությունները, որոնք իրենց ժողովրդավար են հռչակել, չեն ապամոնտաժում Գարեգին Նժդեհի և Դրաստամատ Կանանյանի արձանները: Մենք չենք հավատում, որ Հայաստանի իշխանությունները նման համարձակություն ունենան: Խորհրդային և անկախության տարիներին Հայաստանի իշխանությունների համարձակությունը հերիքել է միայն ադրբեջանական ժողովրդի պատմական հուշարձանները ավերելուն»: