Սամվել Բաբայանն ավարտել է ստորագրահավաքը Ղարաբաղում. ո՞րն է հաջորդ քայլը

irevanaz.com

«Սամվել Բաբայանն Ղարաբաղում ավարտել է ստորագրահավաքը, որով ցանկանում է Սահմանադրության մեջ փոփոխություն մտցնել, ըստ որի` Հայաստանում 10 տարի ապրածները ևս կարող են Ղարաբաղում նախագահ ընտրվել: Հաջորդ քայլը ո՞րն է` հարցրինք արցախյան մեր աղբյուրին:
«Ստորագրությունները պետք է ներկայացվեն խորհրդարան, սակայն, բացի դրանց վավերականության հաստատումից, կա նաև ստորագրությունների բովանդակային խնդիրը. բանն այն է, որ ստորագրությունների մի մասը հավաքել են, ասենք, հարցնելով՝ ցանկանո՞ւմ եք ձեր կյանքը լավանա:
Բոլոր դեպքերում, 11 հազար ստորագրություն արդեն կա։ Խորհրդարանից հետո այն պետք է ներկայացվի Սահմանադրական, մեր դեպքում` Գերագույն դատարան, Սահմանադրությանը համապատասխանելու մասով քննության համար։ Հետո կրկին վերադառնա խորհրդարան, ստանա մեկ երրորդի ձայնը, հետո դրվի հանրաքվեի։
Կա նաև Հայաստանի օրենքներին համապատասխանության հարցը։ Այնպես որ` շատ խճճված գործընթաց է: Սակայն ամենաէական խնդիրը հետևյալն է. Նիկոլ Փաշինյանի ամենակարևոր փաստարկներից մեկը բանակցային սեղանի շուրջ, այն է, որ ղարաբաղցիներն ինձ չեն ընտրել, իսկ Ալիևին ադրբեջանցիներն ընտրել են, ուստի ես Ղարաբաղի փոխարեն չեմ կարող բանակցել։ Հիմա ի՞նչ է ստացվում` հայաստանցին կարող է գալ Ղարաբաղում ընտրվել, այսինքն՝ Փաշինյանի թեզը հօդս է ցնդում»։
Իսկ ինչպե՞ս կպահի իրեն ԱԺ ամենամեծ ուժը` Արայիկ Հարությունյանի (նույնպես` նախագահի թեկնածու) «Ազատ հայրենիքը»։ «Չի բացառվում, որ նրանք այս գլխից ազատ քվեարկություն հայտարարեն, որովհետև մեծ է հավանականությունը, որ այդ ստորագրությունները և ներկայացված պահանջը հակասահմանադրական համարվեն», - գրում է «Հրապարակ» թերթը:



Читайте также

Оставить комментарий