Արթուր Կարապետյան. «Կարեն Կարապետյան vs Վլ. Գասպարյան. ներիշխանական կոնֆլիկտի նոր բևեռը»

irevanaz.comԻշխանության ներսում վարչապետ Կարեն Կարապետյանն ավելի ու ավելի սուր հակասությունների կիզակետում է հայտնվում: Ընդ որում, այդ հակասությունները գնալով նորանոր երանգներ ու ոլորտներ են ընդգրկում: Մինչև հիմա տպավորությունն այնպիսին էր, որ նա ներքին խուլ հակասություն ունի Սերժ Սարգսյանի հետ, քանի որ 2018թ. խորհրդարանական կառավարման համակարգի՝ ուժի մեջ մտնելուց հետո էլ ցանկանում է լինել վարչապետ, ինչը հավանաբար չի ցանկանում Ս. Սարգսյանն ինքը: Բացի այդ, վարչապետի ու Դաշնակցության միջև առկա լարվածության մասին էր խոսվում, թե Կ. Կարապետյանը դեմ է, որ այդ ուժը կառավարությունում նախարարներ ունենա, կամ որ հենց այդ թեկնածուները պետք է նախարարներ դառնան:
Հիմա արդեն Կ. Կարապետյանը լարվածություն է հրահրում իր ու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի միջև: Կառավարության՝ ապրիլի 20-ի նիստի ժամանակ վարչապետի ու ոստիկանապետի միջև մի փոքր վիճաբանություն տեղի ունեցավ: Կ. Կարապետյանը ոչ ավել-ոչ պակաս աղբահանության խնդրով էր դիմել ոստիկանապետին, թե՝ «Պարոն Գասպարյան, այսօր հլը չունենալով տույժ-տուգանք՝ ուղղակի մեր ոստիկանության գործընկերներին խնդրում ենք մաքսիմալ կանխարգելման միջոցառումներ, ոնց պատկերացնում եք, բռնում եք, ասում եք՝ լսի, հավաքի գնա: Մենք 10 օր հետո ուրիշ ռեժիմ ենք ունենալու»:
Վ. Գասպարյանը, սակայն, այլ պաշտոնյաների նման չէր համաձայնել ու ասել, թե՝ կզբաղվենք այդ հարցով: Նա հակադարձել էր, թե՝ ապարդյուն խոսակցություն է տարվում: «Եթե պետք ա՝ օժանդակել, բայց մաքրել ոստիկանին դժվար կլինի էն դեպքում, երբ բերում ա, մեքենայի թափքը բացում ա, աղբը թափում ա տռասայի վրա, մոտենա ասի՝ դուք տուգանվում եք և այլն: Մենք ապարդյուն խոսակցություն ենք ստեղծում: Բայց մենք արդեն սկսում ենք»,- ասել էր նա:
Այն, որ Կ. Կարապետյանն այդպես էլ քաղաքականությունից գլուխ չհանեց՝ ակնհայտ է, բայց նա անգամ չի հասկանում ներիշխանական չգրված օրենքներից: Նա հավանաբար չհասկացավ, որ կոնկրետ Վ. Գասպարյանի հետ նման խոսակցություն բացելով՝ նա լարվածություն է ստեղծում իր և Ս. Սարգսյանի իշխանության առանցքային դերակատարներից մեկի հետ: Նախ՝ այն, որ աղբահանությամբ զբաղվելն ամենևին էլ ոստիկանության գործառույթը չէ, դրա համար Կ. Կարապետյանը պետք է դիմի հավանաբար համայնքի ղեկավարներին կամ այդ խնդրով զբաղվող կազմակերպություններին: Մյուս կողմից էլ՝ վարչապետը հավանաբար չի էլ պատկերացնում, որ իրեն բոլորովին պետք չէ նման հարցով և ընդհանրապես լարել հարաբերությունները Վ. Գասպարյանի հետ: Նման նախադեպեր եղել են, և դա հաստատ ոչ ի վնաս Վ. Գասպարյանի է եղել: Տվյալ դեպքում կարող ենք հիշեցնել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Վ. Գասպարյանը 2011 թվականից ոստիկանապետ է և Ս. Սարգսյանի հիմնական հենասյուներից մեկն է: Կ. Կարապետյանը ժամանակավորապես է վարչապետ նշանակվել: Իսկ առաջիկա մեկ տարում Ս. Սարգսյանը դեռ ուժեղ լիազորություններով նախագահ է լինելու: 2018թ. մայիսին, ճիշտ է, ավարտվում են նրա նախագահության լիազորությունները, բայց նույն օրն էլ Կ. Կարապետյանն է իր գլխավորած կառավարության հետ միասին հրաժարական տալու: Այդպես սահմանված է նոր Սահմանադրության մեջ, և դա իզուր չի արված: Եթե Ս. Սարգսյանն ավարտեր, բայց Կ. Կարապետյանը հրաժարական չտար, նա կշարունակեր լինել խորհրդարանական կառավարման համակարգի վարչապետ իր էլ ավելի մեծ՝ երկրի ղեկավարի լիազորություններով: Ահա թե ինչու է այդ հրաժարականի դրույթն ավելացվել Սահմանադրության մեջ:
Բայց Կ. Կարապետյանը, երևում է, այնքան էլ չի հաշտվում իր այն հեռանկարի հետ, որ 2018թ. պետք է վարչապետի պաշտոնն իրենը չլինի: Վերջերս մենք տեղեկություն էինք հրապարակել, թե առաջիկայում լուրջ բախում է սպասվում Կ. Կարապետյանի և Ս. Սարգսյանի միջև, որ վերջինիս հայտնի է դարձել, թե Սամվել Կարապետյան-Կարեն Կարապետյան տանդեմը յուրային դարձնելու համար բանակցել է ՀՀԿ-ից և «Ծառուկյան» դաշինքից պատգամավորության որոշ թեկնածուների հետ՝ դրա դիմաց առաջարկելով լուրջ գումարներ։ Կարեն Կարապետյանը, ՀՀԿ խմբակցությունում ըստ էության չունենալով բավարար թվով իր մարդկանց, որոշել է Սամվել Կարապետյանի փողերով «առնել» և հավաքագրել նրանց:
Դեռևս սահմանադրական փոփոխությունների ժամանակ մտահոգություններ էին հնչում, թե այդ նոր մայր օրենքի տակ ռումբ կա թաքնված, որ իշխանությունները նոր-նոր են սկսում հասկանալ:
Բանն այն է, որ այդ փոփոխություններով որդեգրված խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում Ազգային ժողովի լիազորությունները մեծանում են ընդհուպ մինչև երկրի ղեկավար հանդիսացող վարչապետին նշանակելու-ետ կանչելու, նախագահին նշանակելու-ետ կանչելու հարցերը: ԱԺ-ն է լինելու միակ առաջնային մանդատ ունեցող, ներկայացուցչական մարմինը: Եվ նման հարցերում արդեն խիստ կարևոր է լինելու անգամ մեկ պատգամավորի հարցը:
Իզուր չէ, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին իշխանություններն այնպես արեցին, որ Հանրապետական կուսակցությունը բացարձակ մեծամասնություն ստանա: Բացի այդ, նրանց է միանում իրենց կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը: Իշխանություններն իրենց մարդկանց ունեն նաև «Ծառուկյան» դաշինքում. այդպիսով ոչ միայն օրենքներն անցկացնելու դեպքում քվեների խնդիր չեն ունենա, այլև փորձել են հնարավորինս ամրապնդել որոշումներ կայացնելու իրենց իրավունքը:
Բայց չի բացառվում, որ ստեղծվեն այնպիսի իրավիճակներ, երբ տարբեր ուժեր կամ անհատներ կարողանան իշխանության ազդեցության տակ գտնվող որոշ պատգամավորների կաշառելով կամ այլ խոստումներով պոկել այնտեղից: Եվ այդպիսով կամ մեծամասնությունը չի կարողանա իր համար ցանկալի որոշումն անցկացնել ու այդպիսով խորհրդարանական, կառավարման կամ սահմանադրական ճգնաժամ ստեղծել, կամ էլ այդ ուժերը կհասցնեն ուժերի դասավորությունը փոխել ու ազդել որոշումների վրա:
Հավանաբար այս գիտակցումով էլ Կ. Կարապետյանը փորձում է ազդեցություն, հենարան կամ ուժ ձեռք բերել խորհրդարանում: Իսկ կաշառք տալը կամ վերցնելը, ի տարբերություն աղբահանության, արդեն Վլադիմիր Գասպարյանի գործունեության ոլորտներից է:
«Առաջին լրատվական»:



Читайте также

Оставить комментарий