Տիգրան Խզմալյան. «Առայժմ մենք ռազմաֆեոդալական շրջանում ենք՝ Ռուսաստանի հետ»
«Գրեթե երկու տասնամյակ Հայաստանում քաղաքական գործունեությունը պարզ իմիտացիա է, թատերական գործողություն, ներկայացումներ՝ մեկ-մեկ կրկեսային: Ահա թե ինչու մեզ մոտ չկա ո՛չ թատրոն, ո՛չ կրկես, դրանց կարիքն այլևս չկա: Կարելի է նշել այդ շրջանի սկիզբը, դա իհարկե միանգամից, մի օրվա մեջ չէ, որ կատարվեց, այնուամենայնիվ կարելի է վստահությամբ ասել, որ 99թ-ի հոկտեմբերի 27-ը եղել է հայոց պետականության սպանության օրը, որից հետո Հայաստանը վերածվեց ռուսական վերահսկողության տարածքի, յուրահատուկ, ինչպես վերջերս վարչապետը լեզվի սայթաքում ունեցավ՝ ասելով ռազմական պոլիգոն, ես կասեի՝ քաղաքական տեխնոլոգիաների փորձադաշտ»:
Այս մասին «Առաջին լրատվական»-ին ասել է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
Նրա խոսքով՝ ժամանակը կգա, և մենք կհասկանանք, որ բազմաթիվ քաղաքական տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում էին և կիրառվում են Ռուսաստանում, փորձարկվում են Հայաստանում, և 99թ-ը դրանց սկիզբն է, որից հետո ընտրություններ չկային և չկան մինչև այսօր: Իմ համոզմամբ՝ սկսվել է անցումային ժամանակաշրջան:
«Մենք կմնանք ոչ թե 19-րդ դարի բուրժուական դեմոկրատիայում, այլ մենք դեռևս չենք հասել դրան, մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու, հասնելու բուրժուադեմոկրատական հեղաշրջման, առայժմ մենք ռազմաֆեոդալական շրջանում ենք՝ Ռուսաստանի հետ:
Ես ուզում եմ վերհիշել մի դրվագ: Դուք ասացիք, որ մենք Սահմանադրություն ենք փոխել: Եկեք հիշենք (իմ կարծիքով՝ հասարակությունը լավ չի հիշում), թե երբ հնչեց Սահմանադրությունը փոխելու կոչը, դա անիջապես 2013թ. սեպտեմբերի 3-ի խայտառակությունից հետո էր. առաջին քաղաքական հայտարարությունը, որը հնչեց Հայաստանում, այդ քաղաքական կապիտուլյացիայից հետո, երբ որ Հայաստանի երրորդ Հանրապետության դագաղի մեջ խփվեց վերջին մեխը՝ այդ չարաբաստիկ սեպտեմբերի 3-ը, եվրաասոցիացումից հրաժարումն ու մուտքը ԵՏՄ», - ասել է Խզմալյանը: