Քաղաքական ստրիպտիզի շահավետ հեռանկարները

irevanaz.comԱնցնող քաղաքական շաբաթվա երևի թե ամենահետաքրքրական իրողությունը ոչ թե կառավարման խորհրդարանական համակարգի գաղափարի շուրջ քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու մասին ԲՀԿ-ի հայտարարությունն էր, որին միացան ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն, ինչը, ի դեպ, սպասելի էր, այլ «դիմակազերծման» մասին ՀՀԿ-ի հայտարարությունը, որ արդեն մի քանի օր է` հնչեցնում է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Առայժմ պարզ չէ, այսինքն` ՀՀԿ-ն առայժմ չի մանրամասնում, թե ում է «դիմակազերծելու», բայց նման զարգացումների մասին ինտենսիվ հավաստիացումները իսկապես հետաքրքրական են և հուշում են այն մասին, որ առաջիկայում Հայաստանը կարող է նաև թևակոխել, այսպես ասած, կոմպրոմատային պատերազմի փուլ: Համենայնդեպս, դիմակազերծումը կարծես թե անխուսափելիորեն ենթադրում է նման պատերազմ:
Եվ եթե այդ պատերազմի մասին նույնիսկ հայտարարվում է (սովորաբար կոմպրոմատային պատերազմները լինում են առանց հատուկ հայտարարությունների), ուրեմն պետք է ենթադրել, որ խոսքը բավական դաժան պատերազմի մասին է, որ սպասվում է հանրությանը:
Սա մի կողմից` հետաքրքիր է, մյուս կողմից` իհարկե, անընդունելի, որովհետև դա նշանակում է գաղափարական ու ծրագրային պայքարի հերթական հույսերի և ակնկալիքների տապալում: Սակայն այլևս ինքնախաբեություն է Հայաստանի այս քաղաքական դաշտից, այս քաղաքական դերակատարներից սպասել գաղափարների և ծրագրերի պայքար: Դա հավասարազոր է երկնքից ոսկե անձրև սպասելուն:
Այս քաղաքական ուժերը լիովին սպառել են իրենց, ընդ որում` վաղուց, և միակ բանը, որին այսօր նրանք ընդունակ են, կոմպրոմատային պատերազմի միջոցով միմյանց «դիմակազերծելն» է: Եվ պետք է ասել, որ սրանով էլ նրանք բավական լավ ծառայություն են մատուցում հասարակությանն ու պետությանը, որովհետև պատռելով միմյանց դիմակները` այդ ուժերը կօգնեն հասարակությանը ազատվել իրենցից, փակել իրենց էջը:
Թե ինչ կլինի դրանից հետո, թե ինչ որակի քաղաքական ուժեր կլցնեն վակուումը` այլ հարց է: Այդ հարցն էլ պակաս կարևոր չէ, սակայն ինչ էլ որ լինի, ներկայիս քաղաքական դաշտից վատը հազիվ թե լինի:
Այնպես որ` «դիմակազերծում» օպերացիան երևի թե կարելի է ողջունել և հետևել, որ ՀՀԿ-ը կատարի իր խոստումը: Դա պետք է որ պատասխան ռեակցիա առաջացնի հակառակ դաշտում, և սկսվի ՀՀԿ-ի մերկացումը:
Իհարկե, սա այն ստրիպտիզը չէ, որից կարելի է գեղարվեստական և գեղագիտական հաճույք ստանալ` ժամանցից բացի, բայց փոխարենը այս մեկն անկասկած շատ ավելի հանրօգուտ նշանակություն կունենա, և սա այն դեպքն է, երբ շահելու են ոչ միայն մեծահասակները, այլ նաև մատաղ սերունդը:
1in.am



Читайте также

Оставить комментарий