Ազգային ժողովի հինգ խմբակցությունների անհավատալի արկածները

irevanaz.comԱզգային ժողովի հինգ խմբակցությունները, բացառությամբ Ժառանգության, ստորագրել են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ նոր համաձայնությունը, որի առանցքային ձեռքբերումներից մեկն է համարվում այն, որ իշխանությունները պարտավորվում են հրապարակել ընտրությանը մասնակցած և քվեարկած անձանց ցուցակները: Ընդդիմությունը սա համարում է առանցքային ձեռքբերում՝ նշելով, որ հենց նման տարբերակով է հնարավոր կանխել բացակաների փոխարեն քվեարկությունները:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այս համաձայնությունը որակել է «անհավատալի»: Ընդ որում՝ նույն Զուրաբյանը մի քանի ամիս առաջ եղած մյուս համաձայնությունը, որը մի քանի շաբաթ առաջ չեղյալ հայտարարվեց այսպես ասած միջոցների բացակայության պատճառով, որակել էր «պատմական»:
Թե քանի այլ համաձայնությունների կհասնեն իշխանությունն ու ԱԺ ոչիշխանական խմբակցությունները, մնում է միայն գուշակել: Սակայն պետք է եզրակացնել, որ նման համաձայնություններով ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Օրինաց երկիրը» կամ արդեն «Հայկական վերածնունդը» կամաց կամաց մոտենում են ոչ այնքան այսպես ասած ազատ, օրինական, արդար ընտրություններին, ինչքան պարզապես ներկայիս ընտրական համակարգով 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում 5 տոկոսը հաղթահարելուն: Համենայն դեպս այն, որ ներկայումս լուծվում է ըստ էության հենց այդ խնդիրը՝ պարզ է դառնում հայտարարություններից, թե նման համաձայնությունները դեռ չեն երաշխավորում չկեղծված ընտրություններ: Ըստ որում՝ սա պնդում են ըստ էության գրեթե բոլորը, ՀՀԿ-ից բացի՝ և՛ ՀԱԿ-ը, և՛ ԲՀԿ-ն, և՛ ՕԵԿ-ը, և՛ նույնիսկ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմած Դաշնակցությունը:
Ի՞նչ է ստացվում. մեկ հայտարարվում է «անհավատալի» համաձայնություն և շնորհակալություն է հայտնվում իշխանություններին, մեկ էլ հայտարարվում է, որ սա ոչ մի երաշխիք չէ: Եթե սա «անհավատալի» է, սակայն երաշխիք չէ, կնշանակի, որ ձեռք բերված համաձայնությունը ոչ թե արդար և օրինական ընտրությանն է նպաստելու, առնվազն ավելի մեծ մասով, այլ եղած ընտրական ավանդույթների պայմաններում ընտրական արդյունքների լեգիտիմացմանը: Հակառակ պարագայում, իշխանության հետ համաձայնության գնացող ուժերը կարիք չէին ունենա ինքնապահովագրվել հայտարարություններով, թե սա ոչինչ չի երաշխավորում:
Ընդ որում՝ իհարկե, նրանք իրավացի են, որ ոչինչ չի երաշխավորում: Սակայն տվյալ պարագայում հարցն այն է, թե ինչու գնալ նման պաթետիկ հայտարարությունների և համաձայնությունների և դրանով տպավորություն ստեղծել, որ Հայաստանում ընտրական համակարգ է բարելավվում, եթե այդ ամենը որևէ սկզբունքային առաջընթացի երաշխիք չէ: Այդ դեպքում գուցե պետք է համաձայնության չգնալ այնքան ժամանակ, մինչև լինեն այդ սկզբունքային երաշխիքները, երբ հնարավոր կլինի քիչ թե շատ վստահ ասել, որ արդեն կան որոշակի հիմնարար երաշխիքներ, որոնք թույլ չեն տա իշխանություններին կեղծել առանց ֆիզիկական բռնությունների: Այլապես, տակտիկական և ռազմավարական հեռանկարում իշխանությունների շահն այս համաձայնություններից հստակ է, իսկ ահա հասարակության շահը՝ ոչ: Առավել ևս, որ նույնիսկ առկա համաձայնության շրջանակում կան դրույթներ, որոնք, մեղմ ասած, մտահոգիչ և հետքայլ են նախորդ օրենսգրքի համեմատ:
Այդպիսով՝ «անհավատալի» որակված համաձայնությունն ըստ երևույթին միայն դյուրահավատների համար է, որպիսիք, սակայն, հայաստանյան հասարակությունում երևի արդեն չեն մնացել: Եվ ըստ էության գուցե սա է նաև պատճառը, որ մի շարք ընդդիմադիր ուժեր կամ այսպես ասած ընդդիմադիր ուժեր ստիպված են իշխանությունների հետ գնալ նմանօրինակ գործարքների, համաձայնությունների, քանի որ առաջիկա ընտրական շրջանում նրանք չեն կարող հույս դնել ընտրողների վրա. մարդիկ նախկին դյուրահավատը չեն, նշում է 1in.am-ը:



Читайте также

Оставить комментарий