Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը իր դժգոհությունն է հայտնել Տիգրան Հակոբյանի հայտարարության կապակցությամբ
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը իր դժգոհությունն է հայտնել Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի` հանրային մուլտիպլեքսում արտասահմանյան հեռուստաալիքների հեռարձակումն արգելելու մասին հայտարարության կապակցությամբ:
Հակոբյանը բազմիցս անգամ հայտարարել է, թե հանրային մուլտիպլեքսում արտասահմանյան հեռուստաալիքների հեռարձակումը, որոնց թվում են նաև ռուսական հեռուստաալիքները, սպառնալիք են Հայաստանի ազգային անվտանգության համար։
Մասնավորապես, նա իր դիրքորոշումը կրկնել է հունվարի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսում: Նա իր տեսակետը հիմնավորում է նրանով, որ խախտումների դեպքում ազդելու մեխանիզմ չունեն արտասահմանյան հեռուստաալիքների վրա: Տիգրան Հակոբյանը հայտարարել է, որ այդ դիրքորոշումը ներկայացրել է նաև ռուսական կողմին, այդ թվում՝ Ռուսաստանի դեսպանին և «դեսպանատանը համաձայնվել են հայկական կողմի փաստարկների հետ»:
«Կցանկանայինք հիշեցնել, որ Տիգրան Հակոբյանի հետ վաղուց կայացած դեսպանի միակ զրույցում նրա բարձրաձայնած մտադրությունը միայն ի գիտություն է ընդունվել: Ընդ որում՝ դիվանագիտական առաքելության ղեկավարի կողմից նշվել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների շահերը, որոնք ռուսական ալիքների մշտական լսարանն են կազմում: Իսկ ընդհանրապես, Հայաստանի ղեկավարության հայտարարությունների ֆոնին՝ ռուսական հեռուստաալիքների կողմից «ազգային անվտանգության համար սպառնալիք կրելու» մասին թեզը տարակուսանք է հարուցում»,- նշված է հայտարարության մեջ: