Հանրությունն ուզում է իմանալ

irevanaz.comՊաշտպանության նախարարի հմայիչ կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ինչպես նաեւ նրա ղեկավարած «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն բոլորովին վերջերս անտեսանելի էին լայն հասարակության համար: Թերեւս, Թի Վի-ների պաշտոնական լրահոսում էր հազարից մեկ երեւում ամուսնու կողքին, եւ լայն հասարակությունը նկատում էր, որ Պնախարար Օհանյանի կինն իր գեղեցկությամբ շահեկանորեն տարբերվում է մյուս բարձրաստիճանների կանանցից: Վերջերս նրան ավելի հաճախ կարելի է տեսնել էկրանին, կարդալ ՖԲ-ում նրա մեկնաբանությունները, հարցազրույցները: Ինչքան շատ է Սեյրան Օհանյանն իր կնոջը տանում տարբեր միջոցառումների, նկարվում նրա եւ երեխաների հետ, որքան ավելի հաճախ է նախարարն «առանց փողկապի» հայտնվում տարատեսակ հաղորդումներում, այնքան շատ է շրջանառվում Օհանյանի անունը «նախագահական ընտրություններ-2018» կոնտեքստում: Հաղորդումներից մեկում, որը ցուցադրվեց Հ1-ով, մշտապես զգաստ, հագած-կապած եւ մինչեւ կոկորդը կոճկված պաշտպանության նախարարը լող էր տալիս լողավազանում, եւ նրա հրճվալից դեմքը տիրաժավորում էր Ֆեյսբուքը: Սպորտային PR-ի կողմնակից Քոչարյանն անգամ այս աստիճան չէր մերկացել հեռուստադիտողի առաջ: Մարզահագուստով ներկայացել էր, դահուկներով, որսորդական շորերով, բայդարկա քշելիս՝ այո, բայց լողազգեստով՝ ոչ: Համացանցով մեկ տարածվում են Սեյրան Օհանյանի եւ նրա կնոջ նկարները՝ արված ինչ-որ ռեստորաններում, ճաշկերույթների ժամանակ, որպես խաչքավոր Նավասարդ Կճոյանի խաչը համբուրելիս: Զատիկի օրն էր, եւ Օհանյանը, ընտանյոք հանդերձ, ներկայացել էր Արարատյան թեմ ու ճոխ-ճոխ նկարվել, որ բոլորը տեսնեն Հայաստանի ապագա առաջին տիկնոջը: Զարմանալի չէ, որ անմիջապես զրույցներ տարածվեցին, թե
ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը խանդի տեսարաններ է «սարքում», տարբեր շրջանակներում դժգոհելով Ռուզաննա Խաչատրյանի անհամեստ պահվածքից, նրա՝ ժամանակից շուտ ակտիվանալուց: Իհարկե, նախագահացուն պաշտոնապես ժխտում է իր նախագահական հավակնությունների մասին լուրերը, բայց նախարարի եւ նրա րոպեն մեկ զգեստափոխվող, պես-պես շորերով տիկնոջ լուսանկարներն ավելի քան խոսուն են: Ինչպես եւ սպասվում էր, սպիտակ PR-ին եւ նախապես պայմանավորված հարցաշարերով հարցազրույցներին անմիջապես հետեւեց սեւ PR-ը: Սեյրան Օհանյանը տեսանելի թեկնածու է, Սերժ Սարգսյանի մարդն է ընկալվում, եւ զարմանալի չէ, որ անմիջապես հայտնվեց վերջինիս հակառակորդների թիրախում: Որոշ լրատվամիջոցներ խորացան նախարարի եւ նրա տիկնոջ հարաբերություններում, պատմեցին նրանց «թեթեւ» ծանոթության եւ արտամուսնական երկարատեւ կապի մասին, հիշեցին եւ տարածեցին վաղուց մոռացված պատմություն այն մասին, թե ինչպես է մի կին, երբ նա դեռ հայտնի չէր, վարել իր մտերիմ ընկերոջ մեքենան եւ ջախջախել այն, վերջինիս մահվան պատճառը դառնալով: Նկատենք, որ այս պատմությունը վաղուց է շուրթից շուրթ փոխանցվել, իսկ տարիներ առաջ լրագրողները գրում էին քրեական այս դեպքի մասին, դրան հետեւած քննության եւ դատաքննության, բայց ոչ ոք չէր հետաքրքրվում, թե ով է եղել այդ մեքենայի ղեկին։ Միայն հիմա, երբ պաշտպանության նախարարի նախագահ դառնալու հեռանկարն այսքան տեսանելի դարձավ, մութ պատմությունները ջրի երես դուրս եկան: Իհարկե, Ռուզաննա Խաչատրյանը վիրավորված է: «Անհանգստացնող է պատվիրատուի անթաքույց թշնամանքն ու ատելությունն իմ եւ ընտանիքիս հանդեպ, որտեղ 2 անչափահաս երեխա է դաստիարակվում»,- սրտագին հերքում-ցավ է արտահայտում Ռուզաննա Խաչատրյանն իր ՖԲ էջում, ապա սպառնում է. «Արդեն իրավասու մարմինները պարզել են, որ հրապարակված անուն-ազգանունով լրագրողն իրականում գոյություն չունի, կեղծ է նրա կայքի հասցեն, բջջային հեռախոսի համարի գրանցման վայրը: Պարզաբանումներից հետո գրողն ու պատվիրատուն կստանան իրենց հանցանքի իրավական գնահատականը` օրենքի ամբողջ խստությամբ»: Ապա խրատներ է տալիս. «Կան բարոյական չգրված օրենքներ, որտեղ ընտանիքը սրբություն է, ու այդ բարոյական օրենքները ոտնահարողին կդատապարտի հայ հասարակությունը՝ ազնիվ կեցվածքով յուրաքանչյուր հայ մարդ»: Հասկանալի է բարձրաստիճան տիկնոջ զայրույթը: Ի վերջո, շոշափվել է անձնական կյանքը, որի իրավունքն անձեռնմխելի է, մյուս կողմից՝ սա կեղտոտ սպիտակեղեն է, որն ամոթ է լվանալ հանրության աչքի առաջ: Բայց ի՞նչ կարիք կա այսչափ վրդովվելու: Ռուզաննա Խաչատրյանը, փաստորեն, պատրաստ է շքեղ զգեստներով PR-վելու, սեթեւեթող հարցազրույցներ տալու «հավատարիմ» լրագրողներին եւ Թի Վի-ներին, բայց պատրաստ չէ հանրային «լսումների» իր եւ ամուսնու կենսագրության թեմայով: Պատրաստ չէ հանրային մանրադիտակով զննությանը: Մինչդեռ այս զննությունը, հանրության հետաքրքրությունը բնական եւ օրինաչափ է բոլոր նորմալ երկրներում: Բիլ Քլինթոնն էլ դատի տվեց Սպիտակ տան ստաժոր Մոնիկա Լեւինսկուն եւ ինչի՞ հասավ: Սեքսուալ սկանդալը դրա հետեւանքով ավելի լայն տարածում ստացավ, իսկ Լեւինսկին՝ հարուստ նյութ իր գրքի համար եւ զոհի կարգավիճակ, ինչը մեծացրեց նրա վարկանիշը: Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի երիտասարդ տարիների մերկ լուսանկա՞րը նուդդիստական լողափում: Ի՞նչ աներ Մերկելը: Պատվիրատուների՞ն գտներ։ Դատի՞ տար։ Կամ՝ Սարկոզիի երկրորդ կնոջ՝ Կարլա Բրունիի մերկ լուսանկարների հայտնվելը տաբլոիդներում։ Այնպես որ, զարգացած երկրներում եւս հանրությունն ուզում է իմանալ, թե ով է իր նախագահը, նախարարը, նախագահի թեկնածուն, եւ քրքրել նրանց կեղտոտ սպիտակեղենը։ Ուզում ես հանրային դե՞մք լինել, պետք է հաշտվես այս հիվանդագին հետաքրքրասիրության տհաճ փաստի հետ: Այլ ճանապարհ չկա:
Սյուզան Սիմոնյան
/hraparak.am/



Читайте также

Оставить комментарий