Դալլաքյանը դիմակազերծում և ականապատում է Քոչարյան-Բաբայան դաշինք

irevanaz.com«Երրորդ հանրապետություն» կուսակցության ղեկավար Վիկտոր Դալլաքյանը այսօր փաստորեն հայտարարել է, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ գործակցությունը դադարեցնում է Օհանյանի շուրջ միավորված քաղաքական ուժերի շրջանում «ստվերային գործարքների» առկայության պատճառով: Դալլաքյանն ըստ էության մեղադրել է «Համախմբում» կուսակցությանը, որը ղեկավարում է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Դալլաքյանը հայտարարել է նաև, որ ինքն ամեն ինչ արել է Ծառուկյան-Օհանյան միավորում ապահովելու համար, և Ծառուկյանը հակված է եղել Օհանյանի շուրջ հավաքված մի շարք կուսակցությունների հետ գործակցության: Ըստ էության, Դալլաքյանը փաստորեն հայտարարում է նաև, որ այստեղ էլ պատճառը եղել է Վարդան Օսկանյանը: Այս մասին, իհարկե, եղել են նաև մամուլի հրապարակումներ, որ Գագիկ Ծառուկյանն իր՝ քաղաքականություն վերադարձով բացառել է Վարդան Օսկանյանի հետ գործակցությունը:

Դալլաքյանի հայտարարություններից պարզ է դառնում, որ Սեյրան Օհանյանը կանգնել է ընտրության առաջ՝ կա՛մ Վարդան Օսկանյանի հետ գործունեությունը դադարեցնել Ծառուկյանի հետ դաշինքի համար, կա՛մ հրաժարվել նման դաշինքի հեռանկարից:

Անկասկած է, որ Ծառուկյան-Օհանյան դաշինքը իսկապես կարող էր հանդիսանալ բեկումնային քաղաքական բևեռ նախընտրական իրականության փոփոխության տեսանկյունից: Խնդիրը իշխանափոխության հեռանկարի մասին չէ, այլ Հայաստանում քաղաքական իրավիճակի և գործընթացների զարգացման տրամաբանության փոփոխության, ինչը, սակայն, ինչպես ցույց է տալիս Դալլաքյանի ասուլիսը, շարունակում է մնալ զուտ անձնական-խմբակային ստվերային պայքարների և խարդավանքների տրամաբանության մեջ:

Սեյրան Օհանյանն ըստ էության դարձել է այդ զարգացումների նոր առանցքներից մեկը: Այդ առկա տրամաբանությունը պարբերաբար պահանջում է նմանօրինակ առանցքներ, որոնց շուրջ ստանում է ըստ էության «երկրորդ շնչառություն»:

Այս պարագայում, ըստ էության, երկրորդական է դառնում, թե իրականում որ կողմն է այստեղ իրավացի՝ ճի՞շտ է Դալլաքյանը Վարդան Օսկանյանին ուղղված իր մեղադրանքներում, թե՞ դա ընդամենը բամբասանք է, և իրականում Դալլաքյանն է եղել խնդիր Օհանյանի շուրջ ստեղծված դաշինքում և այդ իսկ պատճառով մնացել դաշինքից դուրս:

Էականը տվյալ պարագայում այն է, որ զարգացումները ծավալվում են հայաստանյան իրականության համար ավանդական տրամաբանությամբ, ինչն ըստ էության նպաստել կարող է միմիայն մի բանի՝ իշխող համակարգի վերարտադրությանը:

Ընդ որում, այստեղ Վիկտոր Դալլաքյանի դերակատարումը կարծես թե միայն նոր է սկսվում՝ դատելով այն հայտարարություններից, որ նա անում է Սեյրան Օհանյանի հետ իր պայմանավորվածությունների վերաբերյալ: Դալլաքյանը հայտարարել է, որ դրանց մասին կխոսի առաջիկայում:

Այլ կերպ ասած՝ Դալլաքյանը սպառնում է հրապարակել որոշակի «ներքին խոհանոցային» տեղեկություններ և հանգամանքներ, ինչը նշանակում է, որ Վիկտոր Դալլաքյանը գործնականում հանդիսանալու է նախընտրական արշավի ընթացքում Օհանյանի շուրջ ձևավորված դաշինքի ճանապարհին տեղակայված ինֆորմացիոն ական: Այլ կերպ ասած՝ Դալլաքյանն ըստ էության նոր է միայն հայտարարում դաշինքը ականապատելու մասին:

Թեև, մյուս կողմից, դատելով Դալլաքյանի ներկայացրած տեղեկատվությունից՝ կապված դաշինքի նախընտրական ցուցակի կազմման և դրանում Սամվել Բաբայանի ու «Համախմբում» կուսակցության դերակատարման ու տեսակարար կշռի հետ, Դալլաքյանը գործնականում ականապատում է ոչ թե դաշինքը, այլ դաշինքի անվան տակ փաթեթավորված «Համախմբում» կուսակցությունը:

1in.am



Читайте также

Оставить комментарий