ՄԱԿ-ի զեկույցը փաստում է՝ Հայաստանից արտագաղթել է մինչեւ 1,3 միլիոն մարդ

irevanaz.com«1991 թվականից սկսած՝ Հայաստանից արտագաղթել է 700 հազարից մինչեւ 1 միլիոն 300 հազար մարդ», - այդ մասին ասվում է Միացյալ ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի տարեկան զեկույցի մեջ, որն այս անգամ նվիրված է միգրացիայի խնդիրներին։

Արտագաղթի հետեւանքով Հայաստանն ունեցել է հատկապես որակյալ մարդկային ռեսուրսների արտահոսք՝ հիմնականում քաղաքային բնակավայրերից, ինչը զգալի բացասական ազդեցություն է ունեցել Հայաստանի զարգացման, մասնավորապես սոցիալական եւ մշակութային կապիտալի վերարտադրության վրա։

Զեկույցի հեղինակներից Վարդան Գեւորգյանի տվյալներով, 2008 թվականի մարտի 1-ից հետո ստեղծված իրավիճակը հանգեցրել է արտագաղթի ավելացմանը: Զեկույցի վերլուծությունները ցույց են տալիս, որ արտագաղթի առումով վիճակը քիչ թե շատ բարվոք է եղել միայն 2003-2007 թվականների ընթացքում։

Արտագաղթի պատճառները, Վարդան Գեւորգյանի խոսքով, միայն սոցիալ-տնտեսական չեն, ինչպես ներկայացնում են պետական պաշտոնյաները։Դրանք ավելի խորն են՝ մարդիկ ֆիզիկական, իրավական եւ տնտեսական առումով իրենց պաշտպանված չեն զգում Հայաստանում:

«Պետական կառավարման համակարգի աշխատողների մեծ մասը հակված են դրանք բացատրել սոցիալ-տնտեսական պատճառներով, բայց վերջին հաշվով մարդիկ աղքատ են դառնում նաեւ իրավունքների չպաշտպանվածության պատճառով՝ ամենահարուստ մարդը կարող է մեր երկրում մի ամսում դառնալ աղքատ, կապիտալների չերաշխավորվածության պատճառով...», - նշել է Վարդան Գեւորգյանը։

Ըստ զեկույցի, այս փուլում էլ իրավիճակը շարունակում է մնալ տագնապահարույց՝ արտագաղթի վտանգը պահպանվում է, եւ այժմ այն կարող է տեղափոխվել գյուղական վայրեր։ Գյուղատնտեսական նշանակության հողերի սպասվող խոշորացման հետեւանքով գյուղատնտեսությունից դուրս կմղվեն որոշակի թվով մանր հողատերեր, ովքեր կհամալրեն աշխատանքային միգրանտների շարքերը։

«Այս վտանգներից խուսափելու համար անհրաժեշտ է ակտիվ նպատակային միջամտություն», - ասված է զեկույցում, - «որն իր հերթին ենթադրում է գիտականորեն հիմնավորված պետական երկարաժամկետ միգրացիոն քաղաքականության մշակում եւ հետեւողական վարում։ Մինչդեռ, Հայաստանում նույնիսկ միասնական վիճակագրություն չկա ոլորտի վերաբերյալ»:



Читайте также

Оставить комментарий