Լրագրող Գայանե Առուստամյանն իրեն անպաշտպան է զգում․ ոստիկանները նրան հարվածելով բերման են ենթարկել

irevanaz.com«Տեղի է ունեցել առևանգում, սոսկալի բռնություն։ Սա ոչ միայն ոստիկանական երկիր է, սա ֆաշիստական ռեժիմ է, որը ցանկացած պահի կարող է հարձակվել և ցանկացած քաղաքացու բռնության ենթարկել»։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում լրագրող, հասարակական գործիչ Գայանե Առուստամյանը ոստիկանության բաժնից դուրս գալուց հետո մեկնաբանել է մայիսի 7֊ի երեկոյան ոստիկանների կողմից իրեն բերման ենթարկելը։
Առուստամյանն ասել է, որ երբ նա Սարյանի արձանից կանաչ լույսի վրա հակառակ մայթ է անցել, հավասարվել տարածքում գտնվող ոստիկանին, որն այդ պահին սուլեց․ «Ես վեր թռա, բնականաբար, ռեակցիա տվեցի էդ սուլոցին ու ասեցի՝ ինչի՞ ես սուլում, էշ։ Ասել եմ, այո»։ Պատմելով ոստիկանի արձագանքի մասին՝ լրագրողը նշել է, թե վերջինս մոտեցել, քաշել է նրա փեշից, քաշքշել, ինչից հետո մի տեքստ արտասանել, որն, ըստ Առուստամյանի, իրավապահներն անգիր են արել՝ ոստիկանին վիրավորեցիր, ոստիկանին չես ենթարկվում, հանրային կարգ խախտեցիր։
Երբ Առուստամյանը՝ մտածելով, որ անիմաստ է զրույցը շարունակել, ցանկացել է լքել տարածքը, նրան է մոտեցել երկրոդ ոստիկանն ու, ըստ լրագրողի, սկսել քաշքշել․ «Հարձակվում է և սկսում սպառնալ, հասկանո՞ւմ եք։ Հետո հավաքվում են մնացած ոստիկանները, գորգոռոց, քաշքշոց, քաղաքացիներն, ի դեպ, շատ անտարբեր»։
Նա նաև պատմել է, որ ոստիկանն անընդհատ սպառնացել է իրեն ձերբակալել, ինչին ի պատասխան Առուստամյանը հուշել է, որ ոստիկանը, նախ, պետք է ներկայանա, մատնանշի ձերբակալման հիմքերը։ Լրագրողի խոսքով՝ չորս ոստիկան հարձակվել են իր վրա՝ «ջարդեցին, թևերս ոլորեցին, հարվածներ էին անընդհատ հասցնում մեջքից»։
Արդեն Ոստիկանության «Կենտրոն» բաժնի ճանապարհին, նախքան իրենից խլել են հեռախոսը, Առուստամյանին հաջողվել է կապ հաստատել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ և տեղեկացնել բերման ենթարկելու վայրի մասին։ Ըստ լրագրողի՝ բաժանմունքում ոստիկանների կողմից ճնշումը շարունակվել է՝ «անընդհատ սաստում էին, անընդհատ դուրս ու ներս էին անում, ոչ մի օրինական գործողություն»։ Բացի դա, ոստիկանությունում անկացրած 3 ժամի ընթացքում նա ձեռնաշղթաներով է եղել, քանի որ դրանց հագցնելու պահին բանալին կոտրվել էր։
«Առանց վարանելու, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ սա ուղղակի ֆաշիստական ռեժիմի մեթոդով քաղաքացուն հոգեբանական և ֆիզիկական բռնության ենթարկելու ակտ էր։ Մեր քաղաքացիներին պարբերաբար բռնության են ենթարկում և ես այլևս արպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ինձ անպաշտպան եմ զգում, քանի որ չկա այն շարժումը, որի շարքերում ես կկարողանամ իմ իրավունքները պաշտպանել», – ասել է Առուստամյանը։



Читайте также

Оставить комментарий