ՀՅԴ-ն հայտարարում է, թե մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները չէին լինի, եթե ցուցարարները չհարձակվեին անզեն ոստիկանների վրա
Դաշնակցական պատգամավոր Արտյուշա Շահբազյանը հայտարարել է, թե մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները չէին լինի, եթե «Մոլոտովի կոկտեյլներով» եւ «դուբինկաներով» զինված ցուցարարները չհարձակվեին անզեն ոստիկանների վրա։ Արտյուշա Շահբազյանը սրանով չի սահմանափակվել ու հայտարարել է նաեւ, թե մարտի 1-ի վաղ առավոտյան անզեն ոստիկանները մտել են Ազատության հրապարակ, իսկ ցուցարարները հարձակվել են նրանց վրա։
Մեկնաբանելով այդ հայտարարությունը, «Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է. «Շա՛տ ապրի Արտյուշան։ Իշխանությունները պարզապես կերազեին այդպիսի փաստաբաններ ունենալ։ Բայց մեզ տվյալ դեպքում բոլորովին այլ հարց է մտահոգում։ Տեսեք՝ ոստիկանությունը, սպեցնազը, բանակը, սափրագլուխները հարձակվել են ժողովրդի վրա, 10 հոգու սպանել, ընդ որում՝ ամբողջ աշխարհը գիտի այդ մասին, բայց ՀՅԴ-ն պնդում է, թե հակառակն է տեղի ունեցել։ Հետո այդ նույն ՀՅԴ-ն միջազգային հանրության առջեւ խոսում է Հայոց ցեղասպանության ճանաչման ու պահանջատիրության մասին»։