Իլհամ Ալիև. «Ադրբեջանի օկուպացված տարածքներում թմրանյութերի ապօրինի շրջանառությունը վտանգ է հանդիսանում ողջ տարածաշրջանի համար»
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձով դիմել է «Սևծովյան-Կասպյան երկխոսության» երկրների հետախուզական ծառայությունների ղեկավարների 10-րդ նիստի մասնակիցներին:
Նախագահն ընդգծել է, որ հետախուզական ծառայությունները, որոնք հատուկ տեղ են գրավում պետական մարմինների մեջ, պաշտպանում են ազգային շահերը՝ դրանով իսկ պայմաններ ստեղծելով երկրի կայուն զարգացման համար:
«Նոր անկախ պետությունների ստեղծումը՝ վերջին երկու տասնամյակում, զգալի ազդեցություն է ունեցել միջազգային հանրաբերությունների վրա: «Սևծովյան-Կասպյան երկխոսության» երկրների տարածաշրջանային մերձությունը, խնդիրների և մարտահրավերների բարդությունը, որոնց նրանք բախվում են, օրակարգ են մտցնում համատեղ գործունեության իրականացման հարցը:
Այնպիսի հանցագործությունները, ինչպիսիք են ահաբեկչությունը, անջատողականությունը, թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառությունը, թրաֆիքինգը և անօրինական միգրացիան լուրջ վտանգ են հանդիսանում պետությունների խաղաղ գոյության համար: Դրա համար էլ, պետք է արդյունավետորեն պայքարել անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ:
Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներում իրականացվող զենքի և թմրանյութերի ապօրինի շրջանառությունը և այլ հանցագործությունները վտանգ են հանդիսանում ողջ տարածաշրջանի համար: Այդ համատեքստում անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարը պայմանավորում է մեր երկրների հատուկ ծառայությունների փոխգործակցությունը:
Մեկ անգամ ևս կոչ եմ անում ձեզ համախմբել ջանքերը հանուն խաղաղության, կայունության և անվտանգության»: