Հասել է թշնամության պատնեշները քանդելու ժամանակը
Այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելը վտանգավոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ժողովուրդների ապագայի համար՝ մենք գրել ենք բազմիցս անգամ:
Սակայն, վերջին ժամանակներում առկա վտանգը սկսեցին գիտակցել նաև աշխարհի տարբեր երկրների ԶԼՄ-ները:
Օրինակի համար՝ «The Daily Beast» ամերիկական տեղեկատվական կայքի վերլուծաբան Դեվիդ Ֆրիդլանդերը քաղաքական վերլուծաբաններին խնդրել է ներկայացնել մի շարք ամենավատ քաղաքական սցենարներ, որոնց հետ կարող է բախվել Բարաք Օբաման իր երկրորդ նախագահության ընթացքում։ Վերլուծաբանների կողմից քննարկված թեմաներից է եղել հետխորհրդային երկրների հետ Մոսկվայի հարաբերությունների ֆոնի վրա ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները:
Քարնեգիի հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի փոխտնօրեն Մեթյու Ռոժանսկին կարծիք է հայտնել, որ Հարավային Կովկասում նոր լարվածությունը Ռուսաստանին, Թուրքիային և ԱՄՆ-ին կստիպի միջամտել իրավիճակին: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա հայկական և ադրբեջանական կողմերը լավ սպառազինված են և հասցրել են նոր սերունդ մեծացնել, որին քիչ է հետաքրքրում փոխզիջումը:
Սա դառը ճշմարտություն է, որը գլխավոր վտանգ է հանդիսանում ողջ Հարավային Կովկասի համար:
Եւ բանը միայն դրանում չէ, որ շփման գծում կանգնած են հայ և ադրբեջանցի զինվորներ, որ ամեն օր մենք լսում ենք հրադադարի խախտման նոր դեպքերի մասին։
Բանը դրանում է, որ ռումբ է դրվել երկու հարևան պետությունների քաղաքացիների փոխհարաբերությունների համակարգի տակ։ Հայաստանի և Ադրբեջանի երիտասարդ բնակիչները իսկապես չեն տեսնում ղարաբաղյան խնդրի փոխզիջումային լուծում, կողմերից յուրաքանչյուրն իրեն արդարացի է համարում: Նրանք այդպես են մեծացել՝ նրանց այդպես են դաստիարակել:
Եւ այդպես էլ կդաստիարակվեն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների հաջորդ սերունդները: Իսկ դա՝ վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար։ Չէ որ իզուր չեն ասում, որ պատին կախված զենքը մի օր անպայման կկրակի և արյուն կթափվի: Ու՞մ է դա պետք: Հաստատ ոչ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին:
Դրա համար էլ՝ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է արդեն հիմա միմյանց ընդառաջ քայլ կատարել։ Ժամանակն է արդեն թշնամության պատնեշները քանդելու և փոխադարձ վստահության կամուրջներ կառուցելու: