ՏՈԿԱԵՎ. ՄԻՋԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ TRIPP-ԻՆ ԿԸՆԴԼԱՅՆԵՐ ԱՌԿԱ ՆԵՐՈՒԺԸ

Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը, հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նախօրեին Թուրքմենստանի Ավազա բնակավայրում Կենտրոնական Ասիայի պետությունների և Ադրբեջանի ղեկավարների 8-րդ խորհրդակցական հանդիպման ժամանակ:
«Հատուկ նշանակություն է տրվում տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացմանը: Վերջին տարիների դինամիկան ակնառու կերպով վկայում է այդ, ինչպես հաճախ անվանում են, Միջին միջանցքի աճող պահանջվածության մասին», - ասել է Տոկաևը՝ շարունակելով. - «Ենթադրում եմ, որ կարելի կլիներ առայժմ փորձագիտական մակարդակում քննարկել Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP տրանսպորտային նախաձեռնությանը, ինչը կընդլայներ առկա ներուժը և համապատասխանում է մեր բոլոր պետությունների երկարատև շահերին»:
Միջին միջանցքը հայտնի է նաև որպես «Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի», այն Չինաստանն ու Կենտրոնական Ասիան կապում է Եվրոպայի հետ և անցնում է նաև Կասպից ծովով ու Հարավային Կովկասով: Ներկայումս այդ ճանապարհը շրջանցում է Հայաստանն ու անցնում է Չինաստան-Ղազախստան-Կասպից ծով-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Եվրոպա երթուղով: Սակայն Միջին միջանցքի համատեքստում հաճախ հիշատակվում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»՝ TRIPP նախագիծը: Եթե Հայաստանը իրագործի հախագիծը, ապա Հարավային Կովկասում Միջին միջանցքը կարող է ունենալ երկու զուգահեռ տարբերակ՝ Վրաստանով և Հայաստանով դեպի Թուրքիա:


Читайте также

Оставить комментарий