ՀՐՎ. ԿՈՎԿԱՍՈՒՄ ԿԱՅՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆ ԱՎԵԼԻ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ Է, ՔԱՆ ՆԱԽԿԻՆՈՒՄ. ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն այսօր ավելի իրատեսական է, քան երբևէ, այս մասին հայտարարել է թուրք պատգամավոր և Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անհետ կորած անձանց թեմայով Բաքվում անցկացվող IV միջազգային համաժողովի ժամանակ:Նա նշել է, որ խաղաղության բանակցություններն ու համաձայնագրերը կարող են վերջ դնել ռազմական գործողություններին, սակայն կայուն խաղաղությունը պահանջում է հաշտեցում:
«Հարավային Կովկասը բախվել է հակամարտության, հարկադիր տեղահանման և խորը մարդասիրական տառապանքների: 1980-ականների վերջից և հատկապես 1990-ականների սկզբից ի վեր Ադրբեջանը բախվել է արտաքսման, հարկադիր տեղահանման և անհետ կորած անձանց ողբերգությանը»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ 1990-ականների սկզբից Ադրբեջանի անհետ կորած մոտ 4000 քաղաքացիների ճակատագիրը շարունակում է մնալ լուրջ մարդասիրական մտահոգության առարկա։ Նրանց թվում են քաղաքացիական անձինք, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ։

