ԷՐԴՈՂԱՆԸ ՀՐԱՎԻՐԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ COP31 ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած հանդիպմանն ընդգծվել է կարգավորման գործընթացն առաջ մղելու կարևորությունը և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը, հայտնում է Հայաստանի կառավարութունը:
Կողմերն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը, գործարար շրջանակների միջև կապերի ձևավորմանը, ինչպես նաև Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնմանը միտված աշխատանքների հետևողական իրականացումը։
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ:
Էրդողանը և Փաշինյանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը՝ վստահություն հայտնելով, որ այն էական ազդեցություն կունենա տարածաշրջանային համագործակցության զարգացման գործում։ Այդ համատեքստում, ընդգծվել է TRIPP նախագծի իրականացման ու տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների արտգործնախարարները:
Էրդողանը Փաշինյանին հրավիրեց COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Թուրքիայում։

