ԷՐԴՈՂԱՆԸ ԵՎ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Պրահայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Անցած 13 տարում առաջին անգամ հանդիպելով՝ երկու երկրների առաջնորդները խոսել են տարածաշրջանային գործընթացների շուրջ, հաղորդում է հայկական կողմը:
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը, որի մեկնարկը տրվեց 2020 թվականի 44-օրյա Ղարաբաղյան պատերազմից հետո, ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը:
Բաց սահմաններ չունեցող երկու հարևան պետությունների ղեկավարները շեշտել են հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը:
Գագաթնաժողովին հաջորդած ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահը խոսեց նաև Հայաստանի վարչապետի հետ հանդիպման մասին՝ հույս հայտնելով, որ ի վերջո կհասնեն երկու երկրների հարաբերությունների լիակատար կարգավորման՝ տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների հիման վրա:
Էրդողանը նշեց, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչներն աշխատում են այդ ուղղությամբ, արտգործնախարարներին ցուցումներ են տրված, և որոշ ծրագրերի կոնկրետանալու դեպքում կարվեն անհրաժեշտ քայլերը դեպի առաջ:
Թուրքիայի նախագահը կրկին վստահեցրեց, թե Անկարան այս գործընթացում որևէ նախապայման չունի, ապա հավելեց. - «Մենք միայն ակնկալում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կհասնեն հասունության որոշակի աստիճանի: Հենց երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի, նրանք հասնեն այդ մակարդակին, կարծում եմ՝ մեր կողմից որևէ խնդիր չի լինի, և մենք կբացենք սահմանները, կսկսենք բեռնափոխադրումները և օդային փոխադրումները»:



Читайте также

Оставить комментарий