ՇՈՒՇԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
Շուշայում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի, Յաշար Գյուլերի և Իրակլի Չիկովանիի 13-րդ եռակողմ հանդիպումը։Զաքիր Հասանովն ասել է, որ պետությունների ղեկավարների միջև անկեղծ, բարեկամական հարաբերություններն անփոխարինելի դեր են խաղում երկրների միջև բարձր մակարդակի հարաբերությունների զարգացման գործում։
Նա նշել է, որ իրենց համատեղ ջանքերի շնորհիվ է, որ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ համագործակցության ձևաչափն արդեն դարձել է տարածաշրջանային համագործակցության հաջող մեխանիզմ, որը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար և զգալի ներդրում է ունենում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման գործում։
Հանդիպմանը տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում երեք երկրների միջև երկկողմ և եռակողմ համագործակցության զարգացման հեռանկարների, ձեռք բերված արդյունքների, տարածաշրջանում տեղի ունեցող ռազմաքաղաքական գործընթացների և ռազմական անվտանգության հարցերի շուրջ։
Հասանովն ընդգծել է, որ երեք երկրների միջև պաշտպանության ոլորտում համագործակցությունը հաջողությամբ զարգանում է։ Ըստ նրա՝ աշխարհում աճող քաղաքական լարվածության և տարբեր դժվարությունների ի հայտ գալու պայմաններում, պետությունների միջև համակարգումն ու փոխգործակցությունը դառնում են առավել կարևոր։
«Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ համագործակցության ձևաչափը կարևոր հարթակ է տարածաշրջանային կայունության, անվտանգության և զարգացման համար։ Մենք գոհ ենք այս համագործակցության դինամիկ զարգացումից և մտադիր ենք համատեղ ջանքերով շարունակել այն ընդլայնել և խորացնել», - հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը։
Հանդիպումից հետո Զաքիր Հասանովը, Յաշար Գյուլերը և Իրակլի Չիկովանին ստորագրել են 13-րդ եռակողմ հանդիպման արձանագրությունը։

