ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎՆ ՈՒ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ՄԱՐԿՈ ՌՈՒԲԻՈՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախօրեին կայացած հեռախոսազրույցում քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև Բաքվի և Վաշինգտոնի միջև ռազմավարական գործընկերությունը, հաղորդում է Ադրբեջանի արտգործնախարարությունը։
Բայրամովը, ինչպես նշվում է հաղորդագրությունում, ԱՄՆ պետքարտուղարին ներկայացրել է «Ադրբեջանի կողմից խաղաղության օրակարգի առաջխաղացման, վստահության ամրապնդման և տարածաշրջանային կայունության խթանման ուղղությամբ ձեռնարկված քայլերը»։
Արտաքին գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովից հետո երկկողմ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ արձանագրված առաջընթացին։
Հիշեցնենք, որ 2025-ի օգոստոսի 8-ին՝ Բաքուն ու Երևանը Սպիտակ տանը նախաստորագրեցին հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը: ԱՄՆ նախագահի ներկայությամբ նախաստորագրված փաստաթուղթը կողմերը պատմական որակեցին, իսկ դրան հաջորդած ամիսներին հայտարարում են, որ երկու երբեմնի թշնամիների միջև խաղաղությունը փաստացի հաստատված է:


Читайте также

Оставить комментарий