ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՎԵԼԱՑՎԵ՞Ն ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ և ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԸ
«2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում մի շարք փոփոխություններ են կատարվել։Report-ի փոխանցմամբ՝ այս մասին Միլլի Մեջլիսի այսօրվա լիագումար նիստում հայտարարել է Տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռներեցության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ազեր Ամիրասլանովը։
Պատգամավորի խոսքով՝ լրացուցիչ ճշգրտումները ենթադրում են ծախսերի ավելացում մի շարք ոլորտներում։
«Առաջարկվել է պաշտպանության, ազգային անվտանգության, դատական համակարգի, իրավապահ մարմինների և դատախազության ծախսերն ավելացնել 47,8 միլիոն մանաթով», - նշել է Ամիրասլանովը։
Բացի այդ, պարենային անվտանգության շրջանակներում նախատեսվում է 3 միլիոն մանաթ հատկացնել կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստմանը և հակահամաճարակային միջոցառումներին, նշել է պատգամավորը։
«Անհրաժեշտություն է առաջացել 1,2 միլիոն մանաթ հատկացնել որոշ պետական մարմինների գործունեության կազմակերպումը բարելավելու և դրանց նյութատեխնիկական կարիքները բավարարելու համար։ Ընդհանուր առմամբ, փոփոխությունները ենադրում են 52 միլիոն մանաթի չափով լրացուցիչ ծախսեր, որոնք կծածկվեն պետական բյուջեի համապատասխան պահուստներից», - հավելել է նա։

