ԹՐԱՄՓ. «ՄԵԾ ՊԱՏԻՎ ԷՐ ՕԳՆԵԼ՝ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԸՆԿԵՐԱՆԱԼ ԱՅՍ ԵՐԿՈՒ ՄԵԾ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒ ՄԱՐԴԿԱՆՑ՝ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻևԻ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ»
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը իր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը: Թրամփը կից գրել է. «Մեծ պատիվ էր օգնել՝ կարգավորելու Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը և միաժամանակ ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների ու մարդկանց՝ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»։Դոնալդ Թրամփը պնդել է. «Դա ինձ համար, բայց, որ ավելի կարևոր է, նաև Միացյալ Նահանգների համար, հավերժական ընկերություն կլինի»։
Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը երեք երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր ստորագրեցին, որի կետերից մեկն էլ ապաշրջափակման մասին է. Երևանն ու Բաքուն վերահաստատել են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա: Նրանք նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագիրը:

