ՊԵՏԴԵՊՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՍՊԻՏԱԿ ՏԱՆԸ ՍՊԱՍՎՈՂ ԹՐԱՄՓ- ԱԼԻԵՎ - ՓԱՇԻՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թոմի Փիգոթը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն բազմիցս հույս են հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով համաձայնության կհասնեն։ Նրանք երկուսն էլ ընդգծել են դա իրենց ելույթներում։«Պետքարտուղարը այս հարցը բարձրացնում է ամեն հնարավորության դեպքում», - ասել է նա։
Պատասխանելով Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրման, ինչպես նաև հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ԱՄՆ դիրքորոշման վերաբերյալ հարցերին՝ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը խորհուրդ է տվել սպասել Սպիտակ տանը հանդիպման արդյունքների հրապարակմանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցկայքում գրել է, որ վաղը (օգոստոսի 8-ին) նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողության համար:
«Անհամբեր սպասում եմ վաղը Սպիտակ տանը պատմական խաղաղության գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հյուրընկալելուն: Այս երկու պետությունները տարիներ շարունակ պատերազմել են, ինչի հետևանքով զոհվել են հազարավոր մարդիկ: Շատ առաջնորդներ փորձել են ավարտել պատերազմը, բայց ապարդյուն... Իմ վարչակազմը բավականին երկար ժամանակ համագործակցել է երկու կողմերի հետ։ Վաղը նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ Խաղաղության ստորագրման պաշտոնական արարողության համար:
ԱՄՆ-ն նաև երկկողմ համաձայնագրեր կստորագրի երկու երկրների հետ՝ միասին տնտեսական հնարավորություններին հետամուտ լինելու համար, որպեսզի մենք կարողանանք լիովին բացահայտել Հարավային Կովկասի ներուժը։
Ես հպարտ եմ այս քաջ առաջնորդներով, որոնք ճիշտ որոշում են կայացրել Հայաստանի և Ադրբեջանի հիանալի ժողովուրդների համար։ Դա լինելու է պատմական օր Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և աշխարհի համար»,-գրել է Թրամփը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին, Բաքվի ժամանակով 23:20 -ին Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփ-Ալիև հանդիպում, 00:00-ին՝ Եռակողմ հանդիպում:

