ԱՅՍՕՐ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ԱՊՀ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ
Նախաամանորյա ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում այսօր Սանկտ Պետերբուրգում կհանդիպեն Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) առաջնորդները։
ՏԱՍՍ-ին հղումով «Azatutyun»-ը նշում է, որ հանդիպումն ավանդական ձևաչափ է պետությունների ղեկավարների շփման համար, որոնք երկար տարիներ հավաքվում են դեկտեմբերի վերջին։
Երեկ Ռուսաստանի նախագահը Սանկտ Պետերբուրգում անցկացրել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Նիստին մասնակցել Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Սադիր Ջապարովը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վլադիմիր Պուտինը նման գագաթնաժողովները որակում է «բարեկամական շրջապատում» զրույցներ, որտեղ քննարկվում են տարածաշրջանային և միջազգային բիզնես օրակարգեր։
2024 թվականին ԱՊՀ-ում նախագահելու է Ռուսաստանը, այս լիազորությունները նրան կանցնեն Ղրղըզստանից։ Ավելի վաղ Պուտինը հայտնել է, որ Մոսկվայի նախագահության ծրագիրը շատ հարուստ է, այն կներառի մոտ 150 միջոցառում։ Նա նաև ասել է, որ այս պաշտոնում Ռուսաստանը վճռական է փոխգործակցելու ԱՊՀ բոլոր գործընկերների հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ իր նախագահության համատեքստում։
ԱՊՀ-ն ներկայումս բաղկացած է 11 երկրներից՝ Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան և Ուկրաինա։
Ըստ Պուտինի՝ դե ֆակտո Մոլդովան և Ուկրաինան վաղուց ներգրավված չեն ասոցիացիայի աշխատանքներում։
Երեկ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը։ Ավելի քան յոթ ամսվա բոյկոտից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի վերջո մեկնեց Մոսկվա և մասնակցեց ԵԱՏՄ նիստին։ Պուտինի մամուլի խոսնակը լրագրողներին ասել է՝ Ռուսաստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը նիստի շրջանակում շփվելու հիանալի հնարավորություն կունենան։