ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ

Ադրբեջանն ի գիտություն է ընդունում Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծման վերաբերյալ Եվրամիության խորհրդի որոշումը, ասվում է երկրի արտաքին գործերի նախարարության՝ այսօր՝ հունվարի 24-ին, տարածած հաղորդագրության մեջ։
«Մենք շարունակում ենք հաստատակամ դիրքորոշում ունենալ, որ նման գործողությունները, ներառյալ (հայ-ադրբեջանական) սահմանի սահմանազատման գործընթացը, որը պետք է իրականացվի բացառապես երկկողմանի հիմունքներով, չպետք է վնասի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»,-հայտնել են նախարարությունից։
ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանում պետք է ապահովվի պատշաճ կերպով՝ հաշվի առնելով Ադրբեջանի օրինական շահերը, առաքելության գործունեության իրականացումը չպետք է խաթարի փոխադարձ վստահությունը, ասվում է հաղորդագրության մեջ ։
ԵՄ դիտորդական գործունեությունը Հայաստանի տարածքում սկսվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի ղեկավարների և ԵՄ խորհրդի նախագահի Պրահայի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա՝ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայմամբ։
«Հավատանալով, որ առաքելությունը կաջակցի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Բաքուն համաձայնություն է տվել այդ գործունեության իրականացմանը: Չնայած (նախորդ) երկամսյա առաքելության հստակ սահմանված պարամետրերի և նպատակների վերաբերյալ բարձր մակարդակի համաձայնությանը, դիտորդական առաքելության (նախնական) գործունեությունը լուրջ հակասության մեջ էր Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ՝ ԵՄ որոշ անդամներ պետությունների կողմնակալ մոտեցումից հետո։ Սա իր հերթին ազդել է ԵՄ-ի ներսում որոշումների կայացման գործընթացի հուսալիության և թափանցիկության նկատմամբ ընդհանուր վստահության վրա»,- հայտարարել է պաշտոնական Բաքուն։
«Տարբեր մակարդակներով ԵՄ ներկայացուցիչների հետ Ադրբեջանի կողմից անցկացված մի շարք խորհրդակցությունների ընթացքում նշվել է, որ ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում չպետք է պատրվակ դառնա Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունները կատարելուց հրաժարվելու համար։ Երկխոսության գոյություն ունեցող մեխանիզմների դեմ ԵՄ առաքելության ներկայությանը չարաշահումը վտանգավոր է և դրանից պետք է խուսափել»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։


Читайте также

Оставить комментарий