ԱԳՆ. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՈՉ ԹԵ ՍԱԴՐԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՅԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԵՔՍՏԸ ԲԱՆԱԿՑԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով խորհրդարանում հարցերին, ասել է, որ Հայաստանը մեկ ամիս է սպասում է Ադրբեջանի պատասխանին՝ կապված խաղաղության պայմանագրի առաջարկների հետ, իսկ ադրբեջանական կողմը դադարեցրել է բանակցությունները։
Մեկնաբանելով Միրզոյանի խոսքերը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն հայտարարել է. «Հաշվի առնելով, որ Ադրբեջանը հանդիսանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի նախաձեռնողը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման նախաձեռնողը, զարմանալի է, որ հայկական կողմը հանդես է գալիս նման հայտարարություններով։ Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել նրանց, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն այնպես չեն ընթանում, ինչպես Հայաստանը պատկերացնում է։
Ինչպես հայտնի է, խաղաղության պայմանագրի տեքստը Ադրբեջանը քննարկման է ներկայացրել անցյալ տարվա հոկտեմբերի 2-ին Ժնեւում, իսկ փաստաթղթի քննարկումը շարունակվել է Վաշինգտոնում։ Չնայած 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում՝ որպես բանակցային գործընթացի շարունակություն, երրորդ հանդիպումն անցկացնելու պայմանավորվածությանը, հանդիպմանը միակողմանիորեն չմասնակցեց հայկական կողմը, ինչը, ցավոք, խաթարեց բանակցային գործընթացը։
Մեկ անգամ ևս կրկնում ենք, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել՝ հիմնված խաղաղ գործընթացի 5 հիմնարար սկզբունքների վրա և կարճ ժամանակում անցկացնել բանակցությունների համար հաջորդ հանդիպումը։ Ադրբեջանական կողմը Հայաստանից ակնկալում է ոչ թե սադրիչ հայտարարություններ, որոնք վնաս են հասցնում խաղաղ գործընթացին, այլ համաձայնություն խաղաղության պայմանագրի տեքստը բանակցելու հերթական հանդիպում անցկացնելու վերաբերյալ»։