ԱԴՐԲԵՋԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՆՈՏԱ Է ՀԱՆՁՆԵԼ՝ ԿԱՊՎԱԾ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Ադրբեջանական կողմը բազմիցս դիմել է ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությանը` կանխելու բնական ռեսուրսների ապօրինի շահագործումը ադրբեջանական տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, ինչպես նաև վերացնելու միջավայրի համար բացասական ազդեցության հետևանքները: Շատ դեպքերում ադրբեջանական կողմի այս հորդորները մնացել են անպատասխան, խաղաղապահ զորախումբը ոչ մի միջոց չի ձեռնարկել՝ կանխելու Ադրբեջանի բնական ռեսուրսների ապօրինի շահագործումը:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն:
ԱԳՆ խոսնակը նշել է, որ Ադրբեջանի ստացած տեղեկությունների համաձայն, աճում է բնական ռեսուրսների, մասնավորապես Գըզըլբուլագ ոսկու հանքավայրի և Դեմիրլի պղնձամոլիբդենային հանքավայրի ապօրինի շահագործումն ու թալանը, ինչպես նաև բնապահպանական իրավիճակի սրումը։
«Ընթացիկ տարվա դեկտեմբեր 3-ից բանակցություններ են ընթացել Ադրբեջանի համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչների և ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջև՝ ադրբեջանցի մասնագետների կողմից տարածք այցելելու, այնտեղ մոնիթորինգ անցկացնելու նպատակով: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի ներկայացուցիչները փորձել են այցելել այս երկու տարածքներ, որտեղ ապօրինի հանքարդյունաբերություն է իրականացվում, սակայն այդ ուղևորությունը կանխվել է։ Այն ֆոնին, որ ռուսական խաղաղապահ զորախումբը ոչ մի գործողություն չի ձեռնարկել, ուղևորությունը կանխվել է տեղի բնակիչների նախապես ծրագրված գործողությամբ։
Այս իրավիճակի կապակցությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը համապատասխան նոտա է հղել ռուսական կողմին։ ԱԳՆ-ն ռուսական կողմին կոչ է արել հանքավայրերի անարգել հասանելիություն ապահովել ադրբեջանցի մասնագետների համար, մատնանշելով այդ ուղևորությանը խոչընդոտելու կամ որևէ պայման դնելու անթույլատրելիությունը: Բողոքի նոտայում նշվում է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրին համապատասխան ադրբեջանական տարածքներում տեղակայված խաղաղապահ զորախումբը պետք է խստորեն պահպանի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։


Читайте также

Оставить комментарий