ԱՄՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Միացյալ Նահանգներն առաջիկայում շարունակելու է ակտիվորեն ներգրավված մնալ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում, այդ թվում` ամենաբարձր մակարդակներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։
«Այն, ինչ դուք կարող եք ակնկալել տեսնել գալիք շաբաթների և ամիսների ընթացքում, դա ամերիկյան շարունակական ներգրավվածությունն է, ամերիկյան բարձր մակարդակի շարունակական ներգրավվածությունը»,- ասել է խոսնակը:
Նա հիշեցրել է Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ ընդգծելով, որ սա վերջին ռազմական գործողություններից հետո առաջին հանդիպումն էր նման ձևաչափով, ինչպես նաև պետքարտուղարի վերջին հեռախոսազանգերը ԱԳ նախարարներին։ Բացի այդ, Փրայսը նշել է, որ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն ամենօրյա շփումների մեջ է թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմի հետ։
«Ուստի, մենք շարունակելու ենք այս հարցում ներգրավված մնալ։ Չեմ կարող խոստանալ հստակ արդյունք, սակայն կարող եմ խոստանալ, որ սա մեզ համար առաջնահերթություն է մնալու»,- ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակը։


Читайте также

Оставить комментарий