ՌԴ ԱԳՆ. ԲԱՔՎԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՔԸ ԵՌԱԿՈՂՄ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքում ընկած են եռակողմ պայմանավորվածությունները Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա հիշեցրել է, որ անցած շաբաթ Ռուսաստանի նախագահը Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերների հետ քննարկել է հայտնի հայտարարությունների իրականացմանն առնչվող հարցերի ողջ շրջանակը։
«Այս թեման եղել է նաև ապրիլի 8-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների, ինչպես նաև ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարների հեռախոսազրույցի ընթացքում ուշադրության կենտրոնում։ Այս շփումների ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը։ Ռուսաստանը կշարունակի համաչափ աջակցություն ցուցաբերել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը»։


Читайте также

Оставить комментарий