ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍԵՆԹ ՔԻԹՍԻ ԵՎ ՆԵՎԻՍԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԵԼ Է ԿԵՍ ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ ՆԵՐԴՐՄԱՆ ԴԻՄԱՑ

1980-ականներից սկսած՝ աշխարհի հարուստները տարբեր երկրներում հնարավորություն ունեն ներդրումների դիմաց օրինական կերպով գնելու անձնագրեր և վիզաներ, գրում է hetq.am-ը։
Այսպիսի հնարավորություն ընձեռող երկրները թույլ են տալիս քաղաքական և բիզնես էլիտաներին, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձանց հազարավոր դոլարների ներդրումներ անել (այդ թվում՝ անշարժ գույքի ոլորտում) և ներդրման դիմաց ստանալ այդ երկրի անձնագիր և վիզա։ Կարիբյան ծովում գտնվող Սենթ Քիթս և Նևիսն առաջին երկրներից էր, որը նման ծրագիր մշակեց (1984):
Բոլոր ներդրումները և գործարքները կազմակերպում են իրավաբանական ընկերությունների միջոցով։ Այս ոլորտում աշխատող առաջատար ընկերություն է Henley and Partners-ը, որի  գլխամասը գտնվում է Միացյալ Թագավորությունում։ Այն ղեկավարում է Քրիստիան Կալինը (Christian Kälin), որի մականունն է Passport King:
«Հետքի» ձեռքի տակ հայտնված Henley and Partners-ի ներքին փաստաթղթերը ցույց են տալիս, որ Սարգսյանն առնվազն 2013թ.-ին եղել է Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի:
Ինչպես հայտնի է, ըստ ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածի՝ «Հայաստանի նախագահ կարող է ընտրվել վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը»։ Սարգսյանը նախագահի պաշտոնում ընտրվել է 2018-ի մարտի 2-ին։
Մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ Արմեն Սարգսյանի հետ նամակագրության ընթացքում շատ բան պարզ է դարձել հենց նրա հայտնած տեղեկությունների շնորհիվ։ Պետք է նշենք, որ Սարգսյանի բացատրությունները և պատմությունը բավականին խճճված են։
Այսպես, նա մեզ ասել է, որ մոտ կես միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է արել Սենթ Քիթսում գտնվող Park Hyatt հյուրանոցի զարգացման համար։ Ներդրումն իրականացնելու գործընթացը կազմակերպել է Range Developments ընկերությունը։ Սրա դիմաց Արմեն Սարգսյանն ստացել է Սենթ Քիթսի քաղաքացիություն։ Բայց Սարգսյանը պնդում է, որ իրեն Սենթ Քիթս և Նևիսի անձնագիրն ընդհանրապես չէր հետաքրքրում, քանի որ «ներդրումն էր շարժիչ գործոնը»։
Ըստ Սարգսյանի բացատրության՝ Սենթ Քիթս և Նևիսի անձնագիր ստանալուց հետո ինքը նախ գրել է ներդրումը կազմակերպած Range Developments-ին և խնդրել սառեցնել անձնագրի գործունեությունը մինչև հետագա ծանուցումը։
2013-ի օգոստոսին, երբ Սարգսյանը հասկացել է, որ կարող է նշանակվել Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան (նշանակվել է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին), հյուրանոցի բաժնեմասի սեփականությունը փոխանցել է ընտանիքի անդամին և խնդրել է իր իրավաբանին վերադարձնել Սենթ Քիթս և Նևիսի անձնագիրը։


Читайте также

Оставить комментарий