Հայաստանի օլիգարխիան չգիտե ում վճարել և ինչի դիմաց

irevanaz.comՏարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանի խոշոր հարկատուները ավելի քիչ են հարկ վճարել պետական բյուջե, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Երբ այս իրողությունը համադրում ենք առկա տնտեսական իրավիճակի հետ, ապա արձանագրում ենք, որ ըստ էության խոշոր հարկատուների կառուցվածքը չի փոխվել, այսինքն՝ Հայաստանի տնտեսությունը չի ապամոնոպոլացվել կամ ապաօլիգոպոլացվել: Հետևաբար՝ ստացվում է, որ կա՛մ ստվերն է ավելացել, կա՛մ տնտեսությունն է անկում ապրում:
Կառավարությունը տնտեսական աճ է ցույց տալիս, ուրեմն՝ կնշանակի, որ ստվերն է ավելացել, այլապես ինչու պետք է խոշորները ավելի քիչ հարկ վճարեին, եթե տնտեսությունն աճում է: Հետևաբար՝ կա՛մ կառավարությունը կեղծում է, երբ խոսում է աճի մասին, կա՛մ ավելացել է ստվերը, այսինքն՝ խոշորները չեն վճարում այնքան, ինչքան պետք է վճարեին աճի պայմաններում: Որովհետև եթե տնտեսությունն աճում է, ապա էլ ով, եթե ոչ հենց խոշոր հարկատուները պետք է իրենց վրա զգային այդ աճի արդյունքը, քանի որ Հայաստանում տնտեսությունը ամենամոնոպոլացվածն ու օլիգոպոլացվածն է Արևելյան Եվրոպայում: Դա Համաշխարհային բանկի փորձագետների գնահատականն է:
Այսպիսով, կա՛մ մեզ ներկայացվում են տնտեսական աճի մասին կեղծ ցուցանիշներ, կա՛մ կեղծ է ստվերի դեմ պայքարի մասին հավաստիացումների շքերթը: Իսկ ճշմարտությունը երևի թե, ինչպես միշտ, մեջտեղում է: Այսինքն՝ տնտեսությունը չի աճում, աճը ուղղակի նկարվում է վիճակագրական մեթոդաբանությամբ, ու քանի որ տնտեսությունը չի աճում, խոշոր հարկատուները կամ այլ կերպ ասած՝ քրեաօլիգարխիկ համակարգը հրաժարվում է վճարել:
Խնդիրն այն է, որ տնտեսության աճի բացակայությունը նշանակում է որևէ մեկի քաղաքական պատասխանատվություն՝ վաղ, թե ուշ: Հայաստանում պարզ չէ, թե ում քաղաքական պատասխանատվության վրա է դուրս գրվելու տնտեսական ծայրահեղ վիճակը: Իսկ քանի որ քրեաօլիգարխիան չունի այս հարցի պատասխանը, ապա ըստ էության հրաժարվում է վճարել, քանի որ հայտնի չէ, թե ով է շահելու այդ ամենից, և ինչ են շահելու իրենք՝ վճարողները:
Որովհետև Հայաստանում երբ խոշոր կապիտալը հարկ է վճարում, դրա դիմաց իշխանությունից ստանում է շատ կոնկրետ բաներ:  Ներկայումս ներքին անորոշությունն այնքան մեծ է, որ չգիտեն ում վճարել և ումից ինչ պահանջել այդ վճարածի դիմաց: Արդյունքում ստացվում է այդպիսի պատկեր:



Читайте также

Оставить комментарий