Սարգիս Արծրունի. «Ամենաթանկ» վարչապետը. ՀՀ արտաքին պարտքն ավելացել է $1,7 միլիարդով»

irevanaz.comՀունվար ամսին Հայաստանի արտաքին պարտքն աճել է 123․5 միլիոն դոլարով և ընդհուպ մոտեցել է 7 միլիարդ դոլարի սահմանագծին` կազմելով 6 միլիարդ 898 միլիոն դոլար: Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տաս տարիներին պետական պարտքը միայն աճել է` շուրջ երկու միլիարդից հասնելով յոթ միլիարդի: Բայց Հայաստանի արտաքին պարտքի շեշտակի մեծացում տեղի է ունեցել հատկապես Կարեն Կարապետյանի վարչապետության շրջանում:

Վիճակագրությունն ավելի խոսուն է, քան այն խուճուճ ձևակերպումները, որոնց միջոցով կառավարության ներկայացուցիչները փորձում են քողարկել ստեղծված իրավիճակը կամ ներկայացնել իրենց տնտեսական քաղաքականության իբրև թե արդյունավետությունը: 2016-ին և 2017-ին իշխանություններին հաջողվել է կուտակել լրացուցիչ 1 միլիարդ 696 միլիոն դոլար: Պաշտոնական այս թվերը վերաբերում են այն շրջանին, երբ վարչապետությունը ստանձնել է Կարեն Կարապետյանը:

Անցած տարիներին հայաստանցիների պարտքերն աճել են, փոխարենը նահանջ է ապրել բարեկեցությունը: Սա պարզելու համար էլ` օգնության են գալիս Համաշխարհային բանկի փորձագիտական զեկույցները: Եթե 2008-ին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում կազմել է 4010 դոլար, ապա 2016-ին՝ 3614 դոլար: Մասնագետները կանխատեսում են, որ տնտեսական աճի այսօրվա տեմպերով նույնիսկ 2019 թ-ին Հայաստանը չի կարող հասնել տաս տարի առաջվա մակարդակին:

Ասել, թե իշխանություններն անարդյունավետ են օգտագործել պարտք վերցված միջոցները` շատ մեղմ և ոչ համարժեք կլինի: Անարդյունավետությունից և թափթփվածությունից զատ` ակնհայտորեն գործ ունենք կոռուպցիոն դրսևորումների հետ, մանավանդ՝ միջազգային փորձագիտական գնահատականներով Հայաստանից ապօրինի ճանապարհներով տարեկան դուրս է բերվում շուրջ 900 միլիոն ամերիկյան դոլար: Ստացվում է կոռուպցիոն փակ շղթա, ինչի հետևանքով երկիրը հայտնվում է ահռելի պարտքերի տակ, իսկ կոռումպացված պաշտոնյաներն ու նրանց հետ փոխկապակցված մարդիկ ապահով տեղ են արտահանում վարկերի ու բյուջեի մսխման հաշվին կուտակած իրենց գումարները:

Տնտեսական 7․7%-ոց աճը որակական արդյունքի չի կարող հանգեցնել: Երկրի ՀՆԱ-ն մոտ 10․ միլիարդ դոլար է, և հայտարարված տնտեսական աճի համատեքստում տնտեսությունը մեծանում է տարեկան ընդամենը 700-800 միլիոն դոլարով, ինչն անհնար է դարձնում անգամ արտաքին պարտքի սպասարկումը. 2020-ին, օրինակ, պետք է մարվի այսօրվա հաշվարկով 736 միլիոն դոլար: Ստեղծված իրավիճակում կառավարությունը գնում է հարկային քաղաքականության խստացման:

Ակնհայտ է, որ Հարկային օրենսգրքում դեկտեմբեր ամսին կատարված փոփոխություններն թելադրված են ոչ թե տնտեսական արդյունավետ քաղաքականության, այլ արտաքին պարտքը սպասարկելու հրամայականով: Պատկերվում է ավելի քան անբարենպաստ սոցիալական համատեքստ. հարկային օրենսդրության խստացումն իր հետևից բերում է առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճ, սակայն տնտեսական աճը որևէ նախադրյալ չի ստեղծում նոր տնտեսության աճի կամ հասարակության գոնե անապահով խավերի սոցիալական պաշտպանության մեխանիզմների ձևավորման համար: 2016-ի վերջին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կանխատեսել էր դեֆոլտի հնարավորությունը: Իշխանության ներկայացուցիչներն ակտիվ հակադարձեցին առաջին նախագահին, բայց կյանքը ցույց է տալիս, որ Տեր-Պետրոսյանի մռայլ կանխատեսումն առնվազն հիմնազուրկ չէ:



Читайте также

Оставить комментарий