ՄԵՎԼՈՒԹ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ. ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՊԱՏԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆ Է

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Հայաստանին Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրելու մասին: Պաշտոնական Երևանն առայժմ չի հստակեցնում՝ կմասնակցի՞ ֆորումին, թե՞ ոչ։
«Այս տարի մարտի 11-ից 13-ը անցկացվող Անթալիայի դիվանագիտական երկրորդ ֆորումին Լատինական Ամերիկայից ավելի լայն մասնակցություն ենք ակնկալում: Այս պահին լատինաամերիկյան 6 երկրի ԱԳ նախարարներ հաստատել են իրենց մասնակցությունը: Աշխարհի բոլոր երկրներից բոլորին հրավիրում ենք: Ուզում ենք, որ յուրաքանչյուրի ձայնը այս հարթակում լսելի լինի: Այժմ իրենց մասնակցությունը հաստատել են արդեն 39 երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ: Հրավիրել ենք նաև մեր հարևան երկրներին՝ Հայաստանին, Հունաստանին, Կիպրոսի հունական հատվածին, Իսրայելին և Եգիպտոսին», - ասել է Չավուշօղլուն Անկարայի համալսարանում Լատինական Ամերիկայի երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ։
Նա նաև նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր հերթին մասնակցության հրավերներ է ուղարկել աշխարհի մի շարք երկրների ղեկավարներին, այժմ սպասում են պատասխանների:
Պաշտոնական Երևանը հաստատում է՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Անկարայի հրավերը ստացել է։ Արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանի փոխանցմամբ, այժմ գերատեսչությունը քննարկում է նախարարի՝ այդ միջոցառմանը մասնակցելու նպատակահարմարությունը։
Անցած տարի կայացած առաջին ֆորումին մասնակցել են Հայաստանի հարևաններ Իրանի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։
Անթալիայի դիվանագիտական ֆորումը հարթակ է, որտեղ աշխարհի տարբեր երկրներից հրավիրված պետական առաջնորդները, քաղաքական գործիքչները, դիվանագետները, գիտնականներն ու գործարարները քննարկում են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հարցեր, ներկայացնում իրենց տեսակետները, տեսլականներն ու լուծման հեռանկարները:
Ֆորումի նպատակը աշխարհի ու տարածաշրջանի ապագայի շուրջ նոր գաղափարների, միտումների և օրակարգի ձևավորումն է:
Նախագահ Էրդողանի գլխավորած նախարարական կաբինետի նիստից հետո Չավուշօղլուն երեկ նաև խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Նա նշել է, որ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներն առաջին հանդիպմանը քննարկել են գործընթացի մեկնարկի նպատակները և ակնկալիքները:
Չավուշօղլուի խոսքով, Թուրքիայի նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորումն է, և Երևանը շատ գոհ է Անկարայի այդ դիրքորոշումից։ Այժմ փոխադարձ թռիչքների վերսկսումից և հատուկ ներկայացուցիչներից բացի, աշխատելու են հաջորդ քայլերի ուղղությամբ:
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը ասել է, որ հայ և թուրք բանագնացները այս օրակարգի շուրջ են աշխատելու: Քննարկվելու են վստահության բարձրացմանն ուղղված քայլերը:


Читайте также

Оставить комментарий