ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԲԱՔՈՒՆ ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԵԹԵ ԵՐԵՎԱՆԸ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԻ
«Մենք հավատարիմ ենք պարտավորություններին, որոնք ստանձնում ենք մեր գործընկերների հետ շփումների ժամանակ: Բանակցային գործընթացի սկզբից ի վեր մենք հիմնվել ենք միջազգային իրավունքի, ինչպես նաև՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու մեր հավատարմության վրա»:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ТАСС-ին տված հարցազրույցում:
Նախագահը նշել է, որ Ադրբեջանը ձգտել է կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել է Մոսկվայում տեղի ունեցած բանակցություններից հետո:
«Սակայն, ցավոք, Հայաստանը կոպտորեն խախտեց հրադադարի ռեժիմը, 24 ժամ չանցած գնդակոծվեց քնած Գյանջա քաղաքը: Հարվածը նպատակաուղղված կերպով հասցվեց բնակելի թաղամասերին, և առաջին գրոհից հետո եղան մեծ թվով զոհեր և վիրավորներ: Այլ կերպ ասած՝ Հայաստանը ցուցադրաբար խախտեց հրադադարը՝ դրանով իսկ անարգանք ցուցաբերեց միջնորդների և Մոսկվայում երկար բանակցություններից հետո ստանձնած իր պարտավորությունների նկատմամբ:
Այն բանից հետո, երբ համաձայնեցվեցին հրադադարի պայմանները՝ գերիների և զոհվածների մարմինների փոխանակման նպատակով, Հայաստանը հրադադարը խախտեց նաև մարտի դաշտում: Սակայն, նրանք դրանով չբավարարվեցին և գրոհեցին Գյանջա քաղաքը: Ի դեպ, նրանք դա արեցին նաև 2 օր առաջ: Դա շատ ստոր հանցագործություն է, դա միջազգային ահաբեկչություն է: Այն, որ համաշխարհային հանրությունը միաձայն դատապարտեց այս արյունոտ հանցագործությունը, խոսում է այն մասին, որ նրանք անպատիժ չեն մնա:
Պատերազմի թեժ փուլը շարունակվում է, և դրա մեղավորը մենք չենք: Ես բազմիցս ասել եմ, որ Ադրբեջանը հավատարիմ է կարգավորման սկզբունքներին, որոնք մշակվել են երկար տարիներ տևած բանակցային գործընթացի ընթացքում:
Մենք պատրաստ ենք ռազմական գործողությունները դադարեցնել թեկուզ վաղը, եթե Հայաստանը բանակցությունների ժամանակ կառուցողականություն ցուցաբերի: Սակայն, հայտարարությունները, որոնք հնչում են Երևանից, լիովին հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մշակված հիմնարար սկզբունքներին:
Վերջերս Հայաստանի ղեկավարությունը կրկին հանդես եկավ շատ վտանգավոր հայտարարություններով, որոնք, փաստորեն, մերժում են հիմնարար սկզբունքները: Հայաստանի նոր ղեկավարության ողջ գործունեությունն ուղղված է բանակցային գործընթացը ձախողելուն: Եթե հայկական կողմը ի վերջո գիտակցի, որ ռազմական սադրանքի ճանապարհը նրանց տանում է աղետի, ապա մենք պատրաստ ենք կրկին դադարեցնել ռազմական գործողությունները և հարցը լուծել բանակցային սեղանի շուրջ», - ասել է նախագահ Իլհամ Ալիևը: