Օգտայ Բադալով. «Սու-30-ը չունի այն մարտական հնարավորությունները, որոնց մասին խոսում են Հայաստանում»
«Հունվարի 27-ին Ալժիրի հյուսիս-արևելքում՝ Ում-Էլ Բուագի նահանգում ռուսական արտադրության Սու-30ՍՄ ռազմական ինքնաթիռի կործանումը հերթական անգամ ապացուցեց, որ այդ ավիացիոն միջոցներն անվտանգ չեն:
Տարածված հաղորդագրության համաձայն, ավիավթարի հետևանքով, որի պատճառները դեռ հայտնի չեն, երկու օդաչուներն էլ զոհվել են: Վիճակագրական տվյալների համաձայն՝ մինչ այսօր կործանվել է ավելի քան 20 տարբեր մոդիֆիկացիայի Սու-30 ինքնաթիռ»:
Այս մասին ասել է ռազմական փորձագետ, պահեստի գնդապետ Օգտայ Բադալովը:
Նրա խոսքով, բացի այդ, այդ կործանիչները հնացած են և արդեն չեն համապատասխանում ժամանակակից չափանիշներին:
«Մի հետաքրքիր փաստ: Նախորդ դարի 90-ական թվականներից Սու-30ՄԿԻ ինքնաթիռները հիմնական տեղ են գրավում Հնդկաստանի Ռազմաօդային ուժերում:
Հնդկաստանում Սու-30ՄԿԻ ինքնաթիռների մասնակցությամբ տեղի ունեցած ավիավթարների 10 տոկոսի պատճառը եղել է թռչունների երամին բախվելը: Բացի այդ, Սու-30-ի շահագործումը շատ թանկ է նստում: Այսպես, 1 ժամ թռիչքի համար ծախսվում է ավելի քան 50 հազար դոլար գումար:
Սահմանափակ մանևրության և շահագործման թանկության պատճառով Hindustan Aeronautics ընկերությունը որոշեց 2020 թվականի մարտ ամսից դադարեցնել այդ տիպի ինքնաթիռների արտադրությունը: Եվս մեկ փաստ: Մալայզիայի Զինված ուժերին պատկանող 28 միավոր Սու-30 ինքնաթիռներից միայն 4-ն են մարտունակ», - նշել է Օգտայ Բադալովը: