«Փաշինյան Նիկոլն այդպես էլ չդարձավ վարչապետ. նա մնաց ընդդիմադիր խմբագիր»

irevanaz.com

Փաշինյան Նիկոլի թերթը, այսինքն` անձամբ ինքը, դժգոհ է ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից: Այնտեղ գրում են, թե իբր Թովմասյանը դեմ է գնացել ՀՀ ԱԳՆ-ին: Բանն այն է, որ Թովմասյանը վերջերս Աստանայում մասնակցել է «Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների խորհրդաժողովի» անդամ դատարանների հերթական նիստի աշխատանքներին, որտեղ թիվ մեկ և առաջնային հարցը եղել է նշված կազմակերպությանն Ադրբեջանի Սահմանադրական դատարանի անդամակցությունը: «Հայկական ժամանակը» գրում է, որ ՍԴ կայքը չի տեղեկացնում, թե ինչպես է քվեարկել Թովմասյանը այս հարցով, բայց թերթը բոլոր պատճառներն ունի եզրակացնելու, որ Թովմասյանը կողմ է քվեարկել Ադրբեջանի անդամակցությանը:
Ըստ shame.am-ի, այդ իրադարձությունը տեղի է ունեցել հենց այն օրը, երբ ԱԳՆ խոսնակի պաշտոնակատարն իր արևին դեղին քարտ է ցույց տվելԱդրբեջանին, այսինքն` վերջինիս անդամակցությանը ՀԱՊԿ-ին, ասելով, որ այդ դեպքում Հայաստանը կօգտագործի իր վետոյի իրավունքը: Եվ այս կապակցությամբ «Հայկական ժամանակը», այսինքն` հենց Փաշինյան Նիկոլը, եզրակացնում է, որ Հրայր Թովմասյանը դեմ է ԱԳՆ-ին, այն է` դեմ է Հայաստանի Հանրապետությանը, հատկապես նրա հպարտ քաղաքացիներին իրենց վարչապետով հանդերձ:
Բայց ի՞նչ է տեղի ունենում իրականում: Նախ՝ ասենք, որ նույն նժարի վրա դնել դատարանների ինչ-որ մի միջազգային կառույց և ՀԱՊԿ-ը, որն աշխարհաքաղաքական սուբյեկտ է և ռազմաքաղաքական կազմակերպություն` մասնակիցների լրջագույն պարտավորություններով ու պատասխանատվությամբ, առնվազն կամ ապուշություն է, կամ էժանագույն ինտրիգանություն: Հայաստանն ու Ադրբեջանն իրար հետ անդամակցում են բազում կազմակերպությունների, որտեղ մեկը մյուսի մասնակցության դեմ չի քվեարկել, քանզի դրանք քաղաքակրթական, աշխարհաքաղաքական առանձնահատկություններ չունեն (ՄԱԿ, Եվրոպայի խորհուրդ, ԵԽԽՎ, ԵԱՀԿ, ԱՊՀ): Հիմա ի՞նչ կլիներ, եթե այդ վերոնշյալ դատական կառույցում էլ Հայաստանն ու Ադրբեջանը դարձյալ միմյանց հետ մասնակցեին: Իհարկե, ոչինչ: Բայց ինչո՞ւ է աղմկում Փաշինյան Նիկոլը:
Մեծ հաշվով, նրա տանձին չէ և չի էլ կարող լինել Ադրբեջանի մասնակցությունը «Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների խորհրդաժողովին», որի գոյության մասին նա, հավանաբար, վերջերս է իմացել: Բայց նրա տանձին է, նախ, Թովմասյանին տաշելը` որպես նախկին հանրապետական ու սերժական, երկրորդ և ամենակարևորը` Հայաստանը իզգոյ դարձնելը միջազգային ասպարեզում: Պատկերացրեք, որ Թովմասյանը դեմ է քվեարկել Ադրբեջանին, և այդ երկիրը դուրս է մնացել իրենից ոչ մի բան չներկայացնող ու որևէ նշանակություն չունեցող խորհրդաժողովից (կամ չի մնացել): Ինչպե՞ս դա կընկալվեր անդամ երկրների կողմից: Որպես կառուցողական մոտեցո՞ւմ, թե՞ տարրական դեբոշ: Իհարկե, պատասխանն ակնհայտ է...
Եվ այսպես, քայլ առ քայլ Փաշինյան Նիկոլն ուզում է Հայաստանն իզգոյացնել, միջազգային ասպարեզում երկիրը դարձնել անկանխատեսելի, անհուսալի և անլուրջ, կարճ ասած` սարսաղ ու կռվճի գործընկեր: Խաչատուրովի կալանքը նույնպես այս սերիայից էր: Նշեմ, որ դրանով Փաշինյան Նիկոլը հասավ նրան, որ Հայաստանը զրկվեց իր նախագահությունից` ոչ Լուկաշենկոն, ոչ Նազարբաևը, որոնք չեն սիրում մայմունություն, համաձայնություն չեն տա Հայաստանի որևէ թեկնածուի նշանակմանը, այսինքն` Խաչատուրովին հետ կանչելով Փաշինյան Նիկոլը Հայաստանը զրկեց մեզ հասանելիք կարևոր ու հեղինակավոր պաշտոնից: Տեսնենք, թե հաջորդը ով է կամ որն է: Կյանքը շարունակվում է, Փաշինյան Նիկոլը լիարժեք և արդյունավետ ծառայում է իր առաքելությանը:



Читайте также

Оставить комментарий