Արդարադատությո՞ւն, թե՞ Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժը
Նիկոլ Փաշինյանի շարժման հենց առաջին օրերից ակտիվիստները թիրախավորված վերաբերմունք էին դրսևորվում Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի նկատմամբ: Փակում էին խանութների դռները, համացանցում տեղեկություններ էին տարածում այնտեղից գնված թունավոր և փչացած սննդամթերքի մասին: Այս ամենը մատուցվում էր որպես պայքար օլիգարխիկ համակարգի դեմ, գրում է shame.am-ը:
Վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանի գործողությունները ձեռք բերեցին նոր բնույթ: ԱԱԾ-ին ու պատկան կառույցներին հանձնարարվեց տոտալ վերահսկողություն իրականացնել այն ամենի նկատմամբ, ինչը կապվում է Լֆիկի անվան հետ: Եվ հրահանգն անմիջապես իր կիրառումը գտավ: Այսօր արդեն ԱԱԾ-ն հրապարակել է իր գործողությունների որոշ արդյունքներ, համաձայն որոնց «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության ղեկավար կազմը, մինչև 2018 թ. մայիս ամիսը ներառյալ ժամանակահատվածում, ինչպես իրենց ընկերության աշխատակիցների, այնպես էլ վերջիններիս ընտանիքների անդամների և ծանոթների անվամբ գրանցել են 461 ԱՁ-ներ, որոնք գործունեություն են ծավալել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում և միլիարդավոր դրամների վնաս են պատճառել պետությանը: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի («Առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելը») և 189-րդ հոդվածի 3-րդ մասի («Կեղծ ձեռնարկատիրություն») հատկանիշներով:
Հիմա թողնենք օրինապահների քայլերը և վերադառնանք անձնային հարաբերությունների դաշտ: Երկրում բազմաթիվ ուրիշ խոշոր գործարարներ ու ընկերություններ կան: Ինչո՞ւ Նիկոլը ընտրեց հատկապես Ալեքսանյանին: Այս հարցի պատասխանը գտնելու համար ընդամենը պետք է մի թռուցիկ հայացք նետել նախկին տարիներին և քաղաքական հարթության վրա այս երկուսի մրցապայքարին: Եվ այստեղ մենք անմիջապես կտեսնենք, որ Փաշինյանի ու Լֆիկի ճանապարհները բազմիցս հատվել են, իսկ այդ հատումները հատկապես բուռն են եղել ընտրությունների ժամանակ, երբ Նիկոլը մշտապես պարտություն է կրել այն տարածքներում, որոնք գտնվում են Ալեքսանյանի հսկողության ներքո: Ու հիմա տպավորություն է ստեղծվում, որ իրավապահների գործողությունների դրդապատճառը ոչ այնքան օրինականության հաստատումն է, որքան Փաշինյանի անձնական վրեժխնդրությունը: Հին պարտությունները կոմպեսացվում են այսօրվա պատժիչ հաղթանակներով: