Սարգիս Արծրունի. «Կարգին Հայկոն՝ կարգին պաշտոնում․ Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվեց քաղաքապետի հարցում»
Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցությունը փրայմերիզի միջոցով չորս թեկնածուների ցանկից ընտրեց քաղաքապետի իր թեկնածուին․ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ցուցակի առաջին համարում կլինի դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն։
Այս ընտրությունը կանխատեսելի էր, և մենք անդրադարձել ենք թեմային։ Կարգին Հայկոն Նիկոլ Փաշինյանի թեկնածուն էր ու թերևս հենց այդ նպատակով հեղափոխությունից հետո անդամագրվեց ՔՊ-ին (ՀՀԿ-ի ժամանակներից ծանոթ ավանդույթ)։ Դասական իմաստով փրայմերիզ տեղի չի ունեցել, համենայնդեպս՝ արևմտյան չափանիշներով։ Ավելի շուտ՝ տեղի է ունեցել փրայմերիզի իմիտացիա՝ վարչապետի կադրային նախապատվությունը քաղաքապանապես լեգիտիմացնելու համար։
Հենց այսքանով էլ քաղաքականությունը վերջանում է։ Հայկ Մարությանին դժվար է քաղաքական թիմի անդամ, ընդհանրապես՝ քաղաքակական դեմք համարելը, մյուս կողմից՝ առայժմ միայն պայմանականորեն կարող ենք խոսել ՔՊ-ում գոյություն ունեցող քաղաքական թիմի մասին։ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պարադոքսներից մեկն այն էր, որ գործընթացի ընթացքում մենք գրեթե չլսեցինք քաղաքական ուղերձներ, հեղափոխության հարթակը նույնպես քաղաքական չէր՝ բացառությամբ Նիկոլ Փաշինյանի։ Այս իմատով՝ թերևս Կարգին Հայկոն հենց հեղափոխական ապաքաղաքական հարթակի թեկնածուն է։
Հայկ Մարությանին դժվար է անգամ հանրային կառավարիչ համարելը՝ չնայած նա պնդում է, որ վեց տարի զբաղված է պրոդյուսերական-կազմակերպչական աշխատանքներով։
Հայկ Մարությանը քաղաքապետի թեկնածու դառնալուց հետո հանդես է եկել լակոնիկ հարցազրույցով․ նրա առաջ քաշած հիմնական թեզն այն է, որ Երևանի ապագա քաղաքապետը չպետք է լինի պաշտոնյա։ Սա ինքնին հակաքաղաքական, նաև հակակառավարչական թեզ է, որովհետև «ես ձեզանից մեկն եմ» արտահայտությունը պոպուլիստական է, որը քողարկում է կոնկրետ արժեքային համակարգի, ծրագրերի, տեսլականի բացակայությունը։
Հայկ Մարությանի միակ ռեսուրսը Նիկոլ Փաշինյանի աջակցությունն է և այս հարթության վրա այսօր կայացված որոշումը խիստ ռիսկային է, որովհետև խորհրդարանական ընտրություններից մոտավորապես ութ-ինն ամիս առաջ Փաշինյանը իր բարձր հեղինակությունը դնում է Երևանի ընտրությունների զոհասեղանին և հնարավոր ֆիասկոյի, էքսպիրիմենտի ձախողման դեպքում քաղաքական պատասխանատվությունն ընկնելու է ոչ թե Կարգին Հայկոյի, այլ նրան կարգին պաշտոն տվող Նիկոլ Փաշինյանի ուսերին։
Բացարձակապես տեղին չէ Հայկ Մարությանին համեմատել Ռոնալդ Ռեյգանի հետ․ վերջինս նույնպես դերասան է եղել, սակայն ամերիկյան քաղաքական համակարգին ինտեգրվել է արհմիութենական շարժման երկարամյա ճանապարհն անցնելուց հետո։
Հայկ Մարությանի ընտրությունը Երևանի քաղաքապետի թեկնածու գրեթե կանխորոշում է նաև ապագա ընտրություններին Նիկոլ Փաշինյանի թիմի մասնակցության ձևաչափը։ Առաջիկա ընտրություններում չափազանց մեծ է լինելու շոուի կոմպոնենտը՝ երկրորդ պլան մղելով քաղաքականությունը, նույնիսկ Երևանի խնդիրների շուրջ դիսկուրսը։ Երևանի ավագանիում արտահերթ ընտրություններն, ըստ էության, լինելու են հեղափոխության հաղթանակի, այսպես կոչված, գեղարվեստական մասն, ինչը հուշում է, որ դրանցում պահանջարկված չեն լինելու քաղաքական մասնակցության ձևաչափերը։ Հայկ Մարությանը գուցե արժանի թեկնածու է ու վաղն էլ արդյունավետ քաղաքապետ դառնա, սակայն նրա թեկնածության տակ դժվար է պատկերացնել քաղաքական սոլիդ դաշինքի գոյությունը։ Կարծում ենք՝ ՔՊ այսօրվա որոշումը բովանդակային առումով վերջ դրեց «Ելք» դաշինքին, առնվազն՝ որպես մայրաքաղաքային ընտրությունների ձևաչափ։
Հեղափոխությունը Երևանում կհաղթի, սակայն ավելի կհեռանա քաղաքականությունից․ մնում է պատկերացնել, թե ինչ բովանդակություն կունենա քաղաքային նոր կառավարումը։