Հայաստանը թալանողները-2

irevanaz.comՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների միլիարդավոր դոլարների հասնող կարողությունների մասին ռուսական մամուլում հերթական մեծածավալ նյութն է տպագրվել: «Հայաստանը թալանողները-3» վերնագրի ներքո ոուսական wek.ru պարբերականը անդրադարձել է ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի եւ մի քանի այլ պաշտոնյաների բիզնեսներին:

Արթուր Բաղդասարյան:

Wek.ru-ն նշում է, որ Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցությունը ստեղծվել է ՆԳ եւ ԱԱ նախկին նախարար Սերժ Սարգսյանի անձնական հովանավորությամբ: «Բացառիկ դեպք է, երբ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցչի (այլ տվյալների համաձայն, բրիտանական հետախուզության ներկայացուցչի) հետ կապված սկանդալային պատմությունից հետո, երբ Արթուր Բաղդասարյանը Ռոբերտ Քոչարյանի կողմից մեղադրվեց հայրենիքի դավաճանության մեջ եւ հրապարակայնորեն մեղադրվեց Հայաստանի դեմ լրտեսություն կատարելու համար, մի քանի ամիս անց նշանակվեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար»: Ըստ wek.ru-ի, իր դիրքով Բաղդասարյանը պարտական է նրան, որ երկար տարիներ ներկայացրել է մասնավոր բարձրագույն կրթական համակարգից հիմնական եկամուտ ստացող բիզնես-էլիտայի հատվածը: Նրա վերահսկողության տակ է կատարվել մասնավոր բուհերի լիցենզավորումը:

2003-06թթ. նա եղել է իր խմբակցության անդամների բիզնեսների տանիքը եւ բիզնես պարտնյորը` Արկադի Համբարձումյան («Դերժավա»), Արտակ Սարգսյան («ՍԱՍ»), Գրիգորի Մարգարյան («Բելաջիո»), Ալեքսան Պետրոսյան («ՄԱՊ»), Սայադ Զախարյան («Արգալի գրուպ»), Սամվել Բալասանյան («Գյումրի» գարեջրի գործարան), Հովհաննես Մարգարյան (Գյումրիի հրուշակեղենի ֆաբրիկա), Արշակ Մխիթարյան («Աղավնի» ՍՊԸ) եւ ուրիշներ:

ԱԺ նախագահի պոստից հեռանալուց հետո ՕԵԿ խմբակցության անդամ բիզնեսմենների մեծ մասը դարձավ «անկախ» պատգամավոր եւ նրանց սկսեց հովանավորել Ռոբերտ Քոչարյանը: Պարբերականը նշում է նաեւ, որ նրանցից յուրաքանչյուրը ՕԵԿ-ի համամասնական ցուցակի անցողիկ տեղերում հայտնվելու համար Արթուր Բաղդասարյանին վճարել է 150 հազարական դոլար: Բաղդասարյանը հսկայական սեփականություն եւ անշարժ գույք ունի Երեւանում, որը ձեւակերպված է դրածո անձանց անունով, այդ թվում` ընտանիքի անդամների, եւ հիմնականում` հոր: Վերջին 2 տարիներին ՕԵԿ առաջնորդը զբաղված է վերամշակման եւ սննդարդյունաբերության ոլորտում ակտիվների «բիրիքով» գնմամբ (հիմնականում Արարատյան դաշտավայրում):

Արմեն Գեւորգյան:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ըստ պարբերականի, մասնակցություն է ունեցել Ռոբերտ Քոչարյանի գրեթե բոլոր բիզնես-ծրագրերում: Սերտորեն կապված է Լոնդոնում բնակվող նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի հետ, ով եւ Գեւորգյանի համար ապահովում է կայուն դիրք Սերժ Սարգսյանի իշխանության ներսում: Բացահայտորեն լոբբինգ է անում Քոչարյանի բիզնեսները ներկայիս իշխանության մեջ, ընդհուպ մինչեւ կարեւորագույն ֆինանսական հոսքերի վերահսկողություն:

Դավիթ Հարությունյան:

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ըստ wek.ru-ի, վերջին 10 տարիների ընթացքում ձեւավորել է քրեաօլիգարխիկ պետության իրավական համակարգը: Քոչարյանի ամենահավատարիմ եւ մոտ մարդկանցից է: Հարությունյանը ապահովել է Քոչարյանի բոլոր գործարքների եւ անօրինական սեփականաշնորհումների իրավական հիմքը` սկսած «ԱրմենՏել»-ի սեփականաշնորհումից: Նրա եկամտի գլխավոր աղբյուրներից մեկը «Հարությունյան եղբայրներ» իրավաբանական գրասենյակն է: Վերցնելով մեծ հոնորարներ` գրասենյակը հաճախորդի համար դատարանում ապահովում է ուզածդ վճիռը: Հենց այս ընկերությունն է դատարանում շահել 1 միլիոն դոլար հունական ՕՏԵ ընկերությունից («ԱրմենՏել»-ի նախկին սեփականատերը): Սա քողարկված կաշառք էր, որը ՕՏԵ-ն տվեց Հարությունյանին, որպեսզի վերջինս ՕՏԵ-ի դեմ հայց չնախաձեռնի Լոնդոնի արբիտրաժում: Իր եղբոր հետ Հարությունյանը հանդիսանում է «Կորնետ» ընկերության սեփականատերը: Հենց նա է դատարաններում կազմակերպել Երեւանի կենտրոնում գտնվող բազմաթիվ տների սեփականատերերի դատական հայցերի արգելափակումը, որոնք ընդդիմանում էին Բուզանդի եւ Հյուսիսային պողոտայի էլիտար շինարարությանը: Նրա շնորհիվ ապահովվեց այդ շինարարության եւ բնիկ երեւանցիներին Երեւանի կենտրոնից վտարելու իրավական դաշտը: Վտարվածները ստացան չնչին գումարներ, իսկ փոխարենը, նրան պատկանող շինկազմակերպությունը ստացավ էլիտար շինարարությանը մասնակցելու իրավունք: Նշվում է նաեւ, որ Հարությունյանը սեփական բնակարան ունի Նյու Յորքի կենտրոնում:

Վարդան Այվազյան:

ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը «փայ» էր Քոչարյանի հետ բազմաթիվ բիզնես-ծրագրերում եւ Քոչարյանի համար, ըստ պարբերականի, ապահովում էր բնական ռեսուրսներով առավել հարուստ հանքերի, նախեւառաջ` հազվադեպ եւ թանկարժեք, վերահսկողությունը: Կազմակերպել է «Սեւան» ազգային պարկի անօրինական սեփականաշնորհումը, աչք է փակել Սեւանում մասսայական ձկնորսության վրա, բազմաթիվ դեպքերում կեղծել է փորձաքննությունների արդյունքները, մասնավորապես «Շիկահողի» արգելոցով ճանապարհ կառուցելու համար եւ Թեղուտի պղնձի հանքի շահագործման համար: Հայտնի է նաեւ նրանով, որ Քոչարյանի օրոք ամերիկյան «Գլոբալ Գոլդ» ընկերությունից 3 միլիոն դոլար կաշառք էր պահանջել ոսկու հանքի շահագործման համար: Նաեւ նշվում է, որ Այվազյանը հանքեր շահագործելու համար լիցենզիաներ է տրամադրել իր հեռու եւ մոտ ազգականների կազմակերպություններին:

Գագիկ Խաչատրյան:

Ներկայումս պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը Քոչարյանի թիկնազորի պետ, հանգուցյալ Գրիշա Սարկիսյանի բարեկամն է: Բիզնեսմենների գնահատմամբ, այն ժամանակ երբ հարկային եւ մաքսային գերատեսչությունները առանձին էին, ստվերային տնտեսությունը ընդհանուրի 40 տոկոսն էր: Հիմա, երբ դրանք միացվել են, ստվերը արդեն 60 տոկոս է կազմում: Խաչատրյանը ամենակոռումպացված պաշտոնյաներից մեկն է: ՊԵԿ-ի նախագահ դառնալուց հետո նա է՛լ ավելի ընդլայնեց իր բիզնեսները: Նա «Գալաքսի» սուպերմարկետի, «Սանտա Ֆե» սրճարանի, «Ֆիլա» եւ «Կարմիր գլխարկ» խանութների ցանցի, «Սավոս գրուպի», «Ապեյրոն» ընկերության եւ էլի ավելի քան 10 ընկերությունների սեփականատերն է: Դրանք գործնականում հարկեր չեն վճարում: Քաղցրավենիքի եւ օղու խոշորագույն ներմուծողներից է: Օգտվելով իր պաշտոնից նա «խփում է» իր մրցակիցներին:

Արթուր Ջավադյան

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, 2003-2008 թվականներին լինելով ԿԲ նախագահի տեղակալ, միաժամանակ «Հայներարտբանկի» սեփականատերն էր, ինչը գործող օրենսդրության կոպտագույն խախտում է: Նա վերահսկում է «Գենոն» ընկերությունը, որը «Հայներարտբանկի» սեփականատերն է: 2005 թվականին վաճառեց իր փայամասը «Հայներատբանկում» հայկական ծագումով ուկրաինացի 2 քաղաքացիների եւ այն անվանափոխվեց «Հայբիզնեսբանկի»: Նոր գործընկերների մեջ հայտնվեց Ռոբերտ Քոչարյանը: Ջավադյանը նաեւ աղմուկով սնանկացած «Արմենիա» բանկի նախագահի տեղակալն էր:

ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի ներկայացուցիչները բազմիցս մտահոգություն են հայտնել ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ջավադյանի բիզնես հետաքրքրությունների կապակցությամբ, որը այդ պաշտոնում «բիրիքով» անշարժ գույք էր գնում Երեւանի կենտրոնում, հիմնադրում բանկեր, բացում տարադրամի փոխանակման կետեր եւ այդ ամենը ձեւակերպում դրածո անձանց եւ կազմակերպությունների անունով:

Անդրանիկ Մանուկյան:

Սերժ Սարգսյանի խորհրդական, կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանը երկար տարիներ զբաղեցրել է «ԱվտոՎԱԶ-Հայաստան» ընկերության տնօրենի պաշտոնը: Հետագայում հիմնադրեց «Արարատ-Լադա» ընկերությունը, որը զբաղվում էր Հայաստանում ռուսական մեքենաների վաճառքով: Մեքենաները Հայաստան էին բերվում Թուրքիա-Վրաստան ուղիով թուրքական «Չիլիկ մոտոր տիկարետ» ընկերության միջոցով: Ուշագրավ է, որ մեքենաները Թուրքիա էին հասնում գործարանային գներով, բայց Թուրքիայից Վրաստան նույնպես նույն գնով (փաստատթղթերի համաձայն): Ստացվում է, որ կեղծ ինվոյսների համաձայն, թուրքական ընկերությունը որեւէ եկամուտ չէր ստանում այդ վերավաճառքից: Ընդ որում, ներկրվող մեքենաների վրա հաճախ կեղծ փաստաթղթեր էին ձեւակերպվում:

Մանուկյանը այն պաշտոնյաներից է, ով 10-12 տարի զբաղվում էր սննդամթերքի (շաքարավազ, ցորեն, ալյուր, կաթի փոշի) եւ դեղորայքի ներկրմամբ, ու հաջողությամբ շրջանցում էր մաքսային խոչընդոտները եւ հարկային մարմինները: Փաստացիորեն «բռնվել է գործի վրա», սակայն խուսափել է դատից, որովհետեւ փոխհատուցել է ամբողջ վնասը, բայց ոչ թե պետբյուջե, այլ Քոչարյան-Սարգսյան զույգին: Վերահսկում է «Սամանդ» մեքենաների ներմուծումը, նաեւ` ԱՄԷ-ից, Եվրոպայից եւ ԱՄՆ-ից թանկարժեք մեքենաների ներկրումների մի մասը: «Արարատ մոթորս» ընկերության սեփականատերն է: Երկար տարիներ վերահսկել է ռուսական փայտանյութի ներկրումը ՀՀ կահույքի արտադրության համար, որը, սակայն, մաքսայինը ձեւակերպել է որպես շինափայտ: Այդ փայտանյութը վերաարտահանվել է Իրան «Շահբազյան» կահույքի ֆիրմայի համար: 2003-ին Երեւանի Էրեբունի համայնքում Քոչարյանի օգտին իրականացրած ընտրակեղծիքների գլխավոր կազմակերպիչներից է: «Մետրոպոլ» հյուրանոցն էլ խլել է դեռ դրա շինարարության ժամանակ: Կապի նախարար եղած ժամանակ մի գիշերվա մեջ կազմակերպեց մրցույթ եւ ապահովեց «Ղ-տելեկոմի» հաղթանակը այդ մրցույթում, որը դարձավ բջջային կապի 2-րդ օպերատորը: Մինչեւ վերջերս կապի 2 օպերատորները` «ԱրմենՏել»-ը եւ «Վիվասել»-ը, Մանուկյանին էին տրամադրում նրան հետաքրքրող անձանց հեռախոսային զրույցների ձայնագրությունները:

Այդ ձայնագրությունները նա տասնյակ հազարավոր դոլարներով վաճառում է այն անձանց, ովքեր հետաքրքրված են դրանցով, քանի որ այդ ձայնագրությունները օգտագործվում են օլիգարխների միջեւ շանտաժի համար: Չնչին գներով սեփականացրեց «Հրազդան ջէկ»-ի պանսիոնատը Աղավնաձորում: Այն օլիգարխներից մեկն է, ով նշանակալից «փայ» ունի Երեւանի կենտրոնում իրականացվող էլիտար շինարարությունից:



Читайте также

Оставить комментарий